
Արմինֆո. Կառավարության նիստում քննարկման առարկա է դարձել ՀՀ ՊԵԿ ներկայացրած որոշման նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի և ՀՀ ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի կողմից զբաղեցրած և սպասարկման համար հատկացված տարածքներից «Դյութի Ֆրի Մարկետ Արմենիա» ՍՊԸ-ին 49 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով, առանց մրցույթի, տրամադրել համապատասխանաբար 1036 քառ. մետր և 565.3 քառ. մետր մակերեսով հողամասեր:
Հարցի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է հրաժարվել առանց մրցութային ընթացակարգի որևէ ընկերությանը հողամասերի տրամադրման պրակտիկայից և առկա հնարավորությունների մասին տեղեկացնել բոլոր կազմակերպություններին, սահմանել աճուրդային խիստ պայմաններ և մրցույթի վերահսկողության հստակ մեխանիզմներ:
«Ընդհանրապես եկեք այս պրակտիկան, որ կառավարությունը որոշեց այս կամ այն հողն առանց մրցույթի տալ այսինչ ընկերությանը, վերացնենք մեր իրականությունից, որովհետև եթե կա ինչ-որ հողակտոր, որ մենք պատրաստ ենք ինչ-որ մեկին տրամադրել, ուրեմն մենք պատրաստ ենք այն տրամադրել ցանկացած մեկին, ով առավելագույնս լավ պայմաններ կառաջարկի», - նկատել է կառավարության ղեկավարը: Վարչապետի առաջարկով՝ որոշման նախագիծը հանվել է կառավարության նիստի օրակարգից: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատրաստել կառավարության որոշման նոր նախագիծ՝ ելնելով վերոնշյալ տրամաբանությունից: