Ուրբաթ, 17 Ապրիլի 2020 13:31
Ալինա Հովհաննիսյան

Մարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում

Մարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում

Արմինֆո.  Արթուր Ջավադյանին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում կփոխարինի Մարտին Գալստյանը, ում թեկնածությունը հաստատվել է ապրիլի 17-ին ԱԺ-ում գաղտնի քվեարկության արդյունքում ՝ պատգամավորների ձայների մեծամասնությամբ:

 

Մասնավորապես՝ քվեարկությանը մասնակցել է 119 պատգամավոր, որից 104 - ը կողմ է քվեարկել առաջադրված թեկնածությանը, իսկ 15-ը ՝ դեմ: Քվեարկության տվյալները ներկայացրել է ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը։

 

Հիշեցնենք, որ Հայաստանի Կենտրոնական բանկի նոր նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանին առաջադրել էր <Իմ քայլը> խմբակցությունը։ ՀՀ ԿԲ ներկայիս նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հունիսի սկզբին: Սա նրա պաշտոնավարման արդեն երկրորդ ժամկետն է։

 

Մարտին Գալստյանը ծնվել է1978 թվականին: Կրթությունը՝ 1994-1999թթ. Երևանի պետական համալսարան, Տնտեսագիտության ֆակուլտետ;1999-2002թթ. Երևանի պետական համալսարան, ասպիրանտուրա, տնտեսագիտության թեկնածու; 2009-2010թթ. Ջոն Ֆ. Քենեդու անվան Կառավարման Դպրոց, Հարվարդի Համալսարան, Հանրային կառավարման մագիստրոս: Վերապատրաստում՝ 2007թ. «Դրամավարկային և ֆինանսական վիճակագրություն» Վաշինգտոն; 2003թ. «Ֆինանսական ծրագրավորում և քաղաքականություն» Վաշինգտոն, «Ֆինանսական շուկայի վերլուծություն» Վիեննա;

2002թ. «Դրամավարկային տեսություն և դրամավարկային քաղաքականություն» Գերցենզե; 2000թ. «Կիրառական տնտեսական քաղաքականության դասընթաց» Վիեննա և այլն: 11.09.2018թ. առ այսօր       ՀՀ կենտրոնական բանկ, խորհրդի անդամ;10.02.2015 - 11.09.2018 թթ. Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար;    1998 -10.02.2015 թթ.           ՀՀ կենտրոնական բանկ, Ֆինանսական գործառնությունների վարչություն. դիլեր, պորտֆելի կառավարիչ, բաժնի պետ, Վիճակագրության վարչություն, վարչության պետ: