
Արմինֆո.2020 թվականին Հայաստանում կսկսվի կրթության, առողջապահության, մշակույթի եւ սպորտի օբյեկտների շինարարության եւ արդիականացման՝ մասշտաբով և ֆինանսավորման ծավալով աննախադեպ ծրագրի իրականացումը: Այս մասին մայիսի 7-ին կառավարության նիստում հայտնել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը։
Նրա խոսքով, ընդհանուր առմամբ այսօր կոմիտեի պատվիրատվությամբ մշակվում են կրթական, մշակութային և մարզական նշանակության 74 օբյեկտների նախագծային աշխատանքները: <Դրանցից մի մասն արդեն ավարտման փուլում է, մի մասն ավարտվել է, իսկ մնացածի աշխատանքները կավարտվեն մինչև հուլիս, մաքսիմում՝ օգոստոս: ԿԳՄՍ նախարարության հետ քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ նաև պատրաստ է իրենց պատվիրատվությամբ ևս 30-ից ավելի օբյեկտների նախագծային աշխատանքները: Այսօրվա դրությամբ ընդհանուր առմամբ կրթական, մշակութային 111 օբյեկտների նախագծային աշխատանքներ ավարտված կամ ավարտման փուլում են: 90 օբյեկտի շինարարության մրցույթները նախնական պայմանավորվածությամբ կիրականացնի Քաղաքաշինության կոմիտեն, մնացածի նորոգման աշխատանքները կիրականացվեն նախարարության պատվիրատվությամբ»,-ասել է Արմեն Ղուլարյանը՝ հավելելով, որ առողջապահական նշանակության 12 օբյեկտների նախագծային աշխատանքները նույնպես ընթացքի մեջ են և կավարտվեն նույն ժամանակահատվածում:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի խոսքով՝ շինարարական աշխատանքների մեկնարկը պատշաճ կազմակերպելու համար արդեն սկսվել են քննարկումները շինարարական կազմակերպությունների և անհատ շինարարների հետ:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում տեղեկացրել էր 100-ից ավելի կրթական և առողջապահական օբյեկտների կառուցման և արդիականացման լայնածավալ ծրագրի մասին: