Հինգշաբթի, 7 Մայիսի 2020 12:35
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները կստանան պետական աջակցություն

Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները կստանան պետական աջակցություն

Արմինֆո. Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները կստանան պետական աջակցություն: ՀՀ կառավարությունը մայիսի 7-ի նիստում հաստատել է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների աջակցությանն ուղղված միջոցառումների 17-րդ փաթեթը:

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի խոսքով ՝ COVID-19 համավարակը բացասաբար է անդրադարձել բարձր տեխնոլոգիաների ոլորտի վրա ։ 185 ընկերությունների շրջանում անցկացված հարցման արդյունքներով պարզվել է, որ դրանց 54 տոկոսը բախվել է ֆինանսական խնդիրների, իսկ մարդկային ռեսուրսի զբաղվածության ցուցանիշով ընկերությունների՝ միջինում 45 տոկոսի մոտ առաջացել են ազատ ռեսուրսներ: Ելնելով ստեղծված տնտեսական իրավիճակից՝ նախարարությունը ոլորտի տնտեսվարողների համար դրամաշնորհային փաթեթներ է մշակել, որի նպատակն է աջակցել ոլորտի աշխատատեղերի պահպանմանը, ինչպես նաեւ խթանել ոլորտում նորարարական գաղափարների իրագործմանն ու առևտրայնացմանը։ Նորարարական դրամաշնորհների առավելագույն չափը 10 մլն դրամ է, կարող են դիմել վերջին երկու տարիներին ՀՀ-ում գրանցված ու պրոդուկտ ստեղծած ընկերությունները: Կայացած ընկերություններին հատկացվելիք դրամաշնորհների առավելագույն չափը 20 մլն դրամ է: Այս դեպքում ընկերությունը պետք է 2 տարուց ավելի Հայաստանում գրանցված լինի եւ պատրաստ լինի նոր պրոդուկտներ ստեղծել: Երրորդ կետով համաֆինանսավորման դրամաշնորհներ կտրամադրվեն այն ընկերություններին, որոնք փաստաթղթերով կներկայացնեն, որ ներդրումներ ունեն: Համաֆինանսավորումը տրամադրվելու է 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 30 մլն դրամ: Հակոբ Արշակյանը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների 75% - ն իր արտադրանքի արտահանումն իրականացնում է Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրոպայի երկրներ, որտեղ կորոնավիրուսի պատճառով ֆինանսական բարդ իրավիճակ է ստեղծվել: Արդյուքնում շատ պայմանագրերի գործողությունը դանդաղել է՝ Էլ չենք խոսում նոր պայմանագրերի կնքման մասին ։ Դրամաշնորհները բաշխվելու են արդեն հաստատված չափանիշներով ՝ առանձին լոտերի շրջանակներում։