
Արմինֆո. ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 10-ի նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ներկայացրել է օրինագիծ, որով նախատեսվում է պետական տուրքի կրճատում կոնյակ, կոնյակի սպիրտ եւ մեղրի հիմքի վրա ոգելից խմիչքներ արտադրողների համար:
Օրինագծի նպատակը, ինչպես նշել է փոխնախարարը, սկսնակ փոքր եւ միջին արտադրողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելն է: Կոնյակի և կոնյակի սպիրտ արտադրողների համար գործող օրենքով այսօր սահմանվում է 10 մլն դրամի չափով պետական տուրք, ինչը, ըստ Խոջոյանի, բիզնեսի զարգացման համար լուրջ խոչընդոտ է: Մեղրի հիմքով ոգելից խմիչքի արտադրության համար գործում է 15 մլն դրամ սակագին, եւ դա այն դեպքում, երբ խմիչքների այդ տեսակի պահանջարկն այդքան էլ բարձր չէ։
"Բոլորին հայտնի փաստ է, որ կոնյակի արտադրության համար անհրաժեշտ է երեք տարի, ստացվում է, որ արտադրողն, ընդհանուր առմամբ, մինչև իր արտադրանքի իրացումը վճարում է 30 մլն դրամ։ Իսկ մենք այս օրինագծով առաջարկում ենք կոնյակի/կոնյակի սպիրտի/ մեղրի հիմքով ոգելից խմիչքի վաճառքի գործընթացի մեկնարկից առաջ տարեկան 50 հազար դրամ պետական տուրք վճարել։ Իսկ երբ արտադրողն անցնի իրացման գործընթացի, միայն այդ ժամանակ արդեն պարտավոր կլինի վճարել 10 մլն դրամ", - պարզաբանել է նա։
Խոջոյանը նաեւ նշել է, որ նման փոփոխություններ առաջարկվել են արտադրողների հետ քննարկումների արդյունքների հիման վրա, որոնք ներկայացրել են իրենց խնդիրներն ու դիտարկումները: Այս համատեքստում Փոխնախարարն ընդգծել է, որ այս պահին Հայաստանում արդեն կան 15 միջին և փոքր ձեռնարկատերեր, որոնք ցանկություն են հայտնել սկսել Կոնյակի և կոնյակի սպիրտի արտադրություն:
Հավելենք, որ օրինագիծը տեղափոխվել է քննարկման ԱԺ լիագումար նիստում: