Երկուշաբթի, 15 Հունիսի 2020 21:08
Ալեքսանդր Ավանեսով

Փոխնախարար. Շահութահարկի կանխավճարի վճարումների ներկայիս համակարգը չի կարելի համարել ճկուն

Փոխնախարար. Շահութահարկի կանխավճարի վճարումների ներկայիս համակարգը չի կարելի համարել ճկուն

Արմինֆո.  Շահութահարկի կանխավճարի վճարումների ներկայիս համակարգը չի կարելի համարել ճկուն, քանի որ այն չի նախատեսում բացառություններ արտակարգ իրավիճակներում: Այդ մասին հունիսի 15-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարել է  ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով հարկային օրենսգրքի փոփոխությունները։

 

Ինչպես նշել է փոխնախարարը, ընթացիկ կանխավճարները կարող են չհամապատասխանել տնտեսական ակտիվությանը: Այդ իսկ պատճառով առաջարկվում է շահութահարկի կանխավճարի համակարգը դարձնել ավելի ճկուն, որը կարող է արձագանքել տնտեսական իրողություններին: Ներկայում տնտեսավարող սուբյեկտներն իրականացնում են կանխավճարի վճարումներ՝ նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20%-ի եւ նախորդ եռամսյակի արդյունքներով վաճառքների շրջանառության առնվազն 2%-ի դրույքաչափով: Կառավարությունն, ըստ էության, առաջարկում է հարկային արձակուրդներ կիրառել։ Զուգահեռաբար՝ սուբյեկտների տնտեսական գործունեությունը թեթևացնելու նպատակով առաջարկվում է ամբողջությամբ հրաժարվել շահութահարկից կանխավճարի վճարման այլընտրանքային տարբերակի մասին դիմում ներկայացնելու պահանջից, քանի որ տվյալ ձևը համարվում է ավելորդ մեխանիզմ։ Վճարումները փոխկապակցված կլինեն տնտեսական ակտիվության հետ։ Առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան բիզնեսին մրցունակ մնալ ոչ միայն համավարակի պայմաններում, այլև հետճգնաժամային շրջանում։ Դրանով իսկ սուբյեկտները մինչև հունիսի 20-ը կանխավճար չեն վճարելու, դրանով է բացատրվում նաև հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու շտապողականությունը։ Բիզնեսը, իր հերթին, հարկային արձակուրդների հաշվին կկարողանա տնտեսել շուրջ 30 մլրդ դրամ։

 

Ինչպես սպասվում է, փաստաթուղթը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ կընդունվի հունիսի 16-ին: