
Արմինֆո. Հայաստանում կվերացվեն դատարանների որոշումներով տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանված սահմանափակումները։ Խորհրդարանը հուլիսի 8-ի արտահերթ նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել Վարչական դատավարության մասին օրենսգրքում կատարված փոփոխություններին:
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի ասելով, խոսքը չարաշահումների համար բոլոր հնարավոր սողանցքները բացառելու մասին է։ Բանն այն է, որ ներկայում շինարարության ոլորտում ի հայտ են եկել վարչական ակտերի կիրառման հետ կապված խնդիրներ, որոնց հիման վրա դադարեցվել են տնտեսվարողների աշխատանքները շուրջ 60 նախագծերով' 450 մլն դոլար ընդհանուր գումարով, 125 հազար քմ տարածքում: Կասեցումը պայմանավորված է դատարանների որոշումներով' երրորդ անձանց հայցերի հիման վրա: Այժմ առաջարկվում է նույնիսկ վարչական ակտի առկայության դեպքում շարունակել աշխատանքները՝ մինչև դատարանի վերջնական վճիռը: Տնտեսավարող սուբյեկտները շինարարության գործընթացը բողոքարկելու իրավունք կստանան միայն երկու դեպքում' վնասի առկայության եւ իրենց իրավունքների պաշտպանության անհնարինության հիմնավորումները: Փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո, ինչպես սպասվում է, շինարարական աշխատանքները կվերսկսվեն, ինչը հնարավորություն կտա զգալի ներդրումներ ներգրավել եւ լրացուցիչ աշխատատեղեր ստեղծել: