Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2020 20:54
Ալինա Հովհաննիսյան

Անձնական օգտագործման դեղեր ներմուծելիս Առողջապահության նախարարության թույլտվություն չի պահանջվի

Անձնական օգտագործման դեղեր ներմուծելիս Առողջապահության նախարարության թույլտվություն չի պահանջվի

Արմինֆո.  Այսօր կառավարությունն ընդունել է 28.02.2019 թվականի թիվ 202-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշումը, ըստ որի` անձնական օգտագործման դեղերի քիչ քանակության ներմուծման դեպքում անհրաժեշտ չի լինի Առողջապահության նախարարության թույլտվությունը:

 

Նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, այսպիսով, փոխադրող կազմակերպությունների կողմից կամ միջազգային փոստային փոխադրումներով ֆիզիկական անձի անունով ներմուծվող անձնական օգտագործման դեղերը` առանց հավաստագրի կարող են ներմուծել առանց առողջապահության նախարարության հատուկ թույլտվության` տարվա ընթացքում մեկ անգամ «մինչև 5 անվանում, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ» քանակով:

 

«Ներմուծման ժամանակ նախարարության թույլտվությունը պարտադիր է, եթե սահմանված քանակները գերազանցվում են: Այս դեպքում թույլտվությունը տրվում է գործող կարգի 49-52-րդ կետերի համաձայն` անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: Նշենք, որ կարգն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը», - ասվում է հաղորդագրությունում: