Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2020 18:21
Ալինա Հովհաննիսյան

Փորձագետ. Համավարակի ազդեցությունը Հայաստանի բանկային համակարգի վրա այնքան էլ կոշտ չէ, որքան սպասվում էր

Փորձագետ. Համավարակի ազդեցությունը Հայաստանի բանկային համակարգի վրա այնքան էլ կոշտ չէ, որքան սպասվում էր

Արմինֆո. Չնայած կորոնավիրուսի հետ կապված զգալի սթրեսին՝ Հայաստանի բանկային համակարգը կայունություն է դրսեւորել։ Սեպտեմբերի 24-ին Արարատբանկի ռեբրենդինգին նվիրված միջոցառման շրջանակում լրագրողներին այդպիսի կարծիք է հայտնել բանկի խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը:

 

Այդ կապակցությամբ նա անդրադարձել է մակրոտնտեսական հետազոտության արդյունքներին, որոնք խոսում են այն մասին, որ համավարակի ազդեցությունը Հայաստանի բանկային համակարգի վրա այնքան էլ խիստ չէ, որքան սպասվում էր։ "Համակարգը կայուն է եղել", - ընդգծել է փորձագետը:

 

Սակայն, նա նկատել է, որ հապճեպ գնահատականներ տալ չարժե, քանի որ Եվրոպայում նոր է սկսվել կորոնավիրուսի երկրորդ ալիքը, իսկ Հայաստանի բանկային համակարգն ինտեգրված է միջազգային ֆինանսական շուկաներին: "Ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե մոտ ապագայում ինչ ելք կունենա համավարակին առնչվող իրավիճակը։ Այս պահին ամեն ինչ դեռ կայուն է", - ասել է Հովհաննիսյանը։ Դրա հետ մեկտեղ, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ կորոնաճգնաժամի պայմաններում շատ բանկեր ստիպված են եղել ընդառաջել հաճախորդներին եւ հետաձգել վարկային վճարումները, ինչը հանգեցրել է վերջիններիս որոշակի կորուստների: "Կարծում եմ, որ այդ կորուստները  լրացնելու համար ԿԲ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որպեսզի, համապատասխանաբար, փոքր-ինչ նվազեցնի այդ ճնշումը", - հավելել է նա:

 

Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը, իր հերթին, հավելել է, որ համավարակը որոշակի խնդիրներ է ստեղծել, սակայն դա չի ազդել Հայաստանի բանկային համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահության մակարդակի վրա: Այս համատեքստում Սարգսյանը նշել է, որ քաղաքացիների մեծ մասը շարունակում է պահպանել իր խնայողությունները բանկերում: Բացի այդ, բանկային համակարգի իրացվելիության, կայունության եւ հուսալիության մասին, նրա համոզմամբ, խոսում է նաեւ այն, որ ոչ ռեզիդենտները նույնպես նախապատվությունը տալիս են Հայաստանի առեւտրային բանկերին՝ իրենց միջոցների պահպանման տեսանկյունից: