
Արմինֆո. 2021 թվականի հունվարի 1-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ավելի քան 18%-ով ավելացել է միկրոձեռնարկատիրության համակարգում գործունեություն իրականացնող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց քանակը:
ՊԵԿ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, 2021 թ. ապրիլի 1-ի դրությամբ գրանցվել է 42 801 միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, նախորդ տարվա` 36 198-ի փոխարեն:
«Հիշեցնենք, որ 2020թ. հունվարի 1-ից միկրոձեռնարկատիրության հարկման հատուկ համակարգում ընդգրկված են այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և անհատ ձեռնարկատերեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը:
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն համարվի մասնագիտացված գործունեության տեսակներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտները, մասնավորապես, հաշվապահություն, փաստաբանություն, խորհրդատվություններ: Արտոնյալ ռեժիմից չեն կարող օգտվել նաև Երևանում գործունեություն ծավալող առևտրի ոլորտի ներկայացուցիչները: Միկրոձեռնարկատիրությունը ազատվում է հիմնական հարկերից, բացառությամբ ակցիզային հարկի, բնապահպանական եւ ճանապարհային հարկի: Վարձու աշխատողի համար եկամտահարկը, անկախ աշխատավարձի չափից, կկազմի 5 հազար դրամ։