Չորեքշաբթի, 14 Ապրիլի 2021 12:25
Ալինա Հովհաննիսյան

Նիկոլ Փաշինյան. Մենք պետք է կարողանանք այնպես անել, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ թե հանքաքար արտահանող երկիր լինի, այլ մետաղական պատրաստի արտադրանք արտահանի

Նիկոլ Փաշինյան. Մենք պետք է կարողանանք այնպես անել, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ թե հանքաքար արտահանող երկիր լինի, այլ մետաղական պատրաստի արտադրանք արտահանի

Արմինֆո. «Շատ կարևոր եմ համարում, որ մենք կոմունիկացիաների բացման թեման պահենք մեր ուշադրության կենտրոնում, որովհետև ես ունեմ, ցավոք, կասկածներ, որ հենց Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ այս գործընթացը տորպեդահարելու և Հայաստանը շրջափակման մեջ պահելու համար», - հայտարարիել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ապրիլի 14-ի նիստում:

 

«Ուզում եմ՝ արձանագրենք, որ մենք հետևողականորեն գնալու ենք հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված համատեղ հայտարարության իրականացմանը, որովհետև մեզ համար ռազմավարական խնդիր է՝ օր առաջ երկաթուղային կապ հաստատել Ռուսաստանի Դաշնության հետ, օր առաջ երկաթուղային կապ հաստատել Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Եվ սա կնշանակի, որ մենք կարողանում ենք տրանսպորտային-տրանզիտային ուղի դառնալ Պարսից ծոցից մինչև Խաղաղ օվկիանոս և ամենուր: Եվ կրկին ասում եմ՝ խնդրում եմ մեր ուշադրությունը հարցի վրա, որովհետև իրականում Ադրբեջանը շատ մեծ հավանականությամբ ամեն ինչ կանի, որպեսզի կոմունիկացիաների բացումը տեղի չունենա: Ուզում եմ տնտեսական լավատեսությունը կրկին հիմնել, հենել նախկինում իմ արած հետևյալ հայտարարության վրա, որն ուղիղ կապ ունի կոմունիկացիաների բացման հետ: Ես արդեն ասել եմ, շատ է խոսվում այդ մասին, և դա արդարացի է, որ, օրինակ, Ադրբեջանի տնտեսական հզորացման գործում շատ մեծ դեր է ունեցել նավթը, գազը, նավթամթերքը: Բայց ուզում եմ էլի մեր ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա, որ Հայաստանը տիրապետում է, պայմանական ասած, 21-րդ դարի նավթի հսկայական պաշարների, 21-րդ դարի 2 նավթի հսկայական պաշարների՝ մեկը պղինձն է, մյուսը ջուրը: Մենք պետք է կարողանանք այնպես անել, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ թե հանքաքար արտահանող երկիր լինի, այլ մետաղական պատրաստի արտադրանք արտահանի: Սա ուղիղ կապ ունի կումունիկացիաների բացման հետ, որովհետև ներդրումային միջավայրի, այդ կարգի մեծ տնտեսական նախագծեր իրագործելու համար էական է երկաթուղային կապի առկայությունը: Իհարկե, մենք արդեն 2018 թվականից սկսել ենք ջրային պաշարների կուտակման հնարավորությունների ուսումնասիրությունը: Մյուս կողմից՝ Հայաստանը ոռոգման և խմելու ջրի կուտակման մեծ ծրագիր պետք է իրականացնի, և այս երկու հենքի վրա պիտի հիմնված լինի մեր տնտեսությունը: Կրկին ուզում եմ ընդգծել, որ, այո՛, մենք տիրապետում ենք 21-րդ դարի նավթի, պղնձի և ջրի հսկայական պաշարների՝ տարեկան 7 մլրդ խմ ջուր է ձևավորվում Հայաստանի Հանրապետության տարածքում, և դրա մի չնչին մասն է, որ մենք ի վիճակի ենք լինում կուտակել», - հայտարարել է վարչապետը: