Երեքշաբթի, 27 Ապրիլի 2021 11:35
Կարինա Մելիքյան

HSBC Հայաստանը՝ «Շուկայի առաջատար բանկ առևտրի ֆինանսավորման ոլորտում» ըստ «Euromoney» ամսագրի 2021 թ. հարցման

HSBC Հայաստանը՝ «Շուկայի առաջատար բանկ առևտրի ֆինանսավորման ոլորտում» ըստ «Euromoney» ամսագրի 2021 թ. հարցման

Արմինֆո.Ըստ հեղինակավոր «Euromoney» ամսագրի 2021 թ. անցկացրած հարցման՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` HSBC Հայաստան) ճանաչվել է «Շուկայի առաջատար բանկ առևտրի ֆինանսավորման ոլորտում»:

 

HSBC Հայաստանի Առևտրի ֆինանսավորման դեպարտամենտի ղեկավար Արտակ Պետրոսյանը նշել է․ «Այս մրցանակը ուշագրավ ձեռքբերում է HSBC Հայաստանի համար, քանի որ արտացոլում է բանկի ողջ նվիրումն ու ջանքերը՝ ուղղված հաճախորդների կարիքները լավագույնս բավարարելուն։ Ավելին, այս մրցանակն ամփոփում է նաև ոլորտի ամենախոշոր անկախ հարցմանը մասնակցած գործարարների կարծիքը, ովքեր բարձր են գնահատում բանկի ջանքերը: Առևտրի ֆինանսավորումը HSBC-ի՝ որպես ֆինանսական կառույցի, զարգացման առանցքում է: Ավելի քան 150 տարի մենք խթանում ենք այս կարևոր ծառայությունը` մեր հաճախորդների համար միջազգային առևտուրն առավել հասանելի և արդյունավետ դարձնելու նպատակով:

 

Այս մրցանակը ցույց է տալիս, որ չնայած վերջին 1 տարվա բազմաթիվ խոչընդոտներին՝ մենք կարողացել ենք աջակցել մեր հաճախորդներին՝ ապահովելով ծառայությունների շարունակականությունը և  բարելավելով հաճախորդների  փորձը մեր գլոբալ հասանելիության, արդյունավետ լուծումների  և աշխարհի ավելի քան 50 երկրներում գտնվող հազարավոր մասնագետների միջոցով: Մենք շարունակելու ենք շուկայում ներդնել առևտրի ֆինանսավորման արդյունավետ լուծումներ, ինչպես նաև  օգնել գործարարներին նոր շուկաներ մուտք գործելու և առևտրի աշխարհագրությունն ընդլայնելու հարցում»։ 

 

«Euromoney»-ի 2021 թ. Առևտրի ֆինանսավորման վերաբերյալ հարցման արդյունքում HSBC Բանկը չորրորդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի լավագույն բանկը առևտրի ֆինանսավորման ոլորտում: 

 

Նշենք նաև, որ HSBC Բանկը  ճանաչվել է շուկայի առաջատար Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև ծառայությունների մատուցման ոլորտում առաջատար բանկ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Միջին Արևելքի ու Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջաններում:

 

Բացի այդ, Բանկը  զբաղեցրել է առաջին տեղը 23 շուկաներում՝ այդ թվում Հոնկոնգում և Միացյալ Թագավորությունում, ինչպես նաև 17 շուկաներում ընտրվել է որպես ընդհանուր ծառայություններ մատուցող լավագույն ընկերություն։