Երկուշաբթի, 3 Մայիսի 2021 17:43
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու ԵՄ-ն մտադիր են ընդլայնել համագործակցությունը մաքսային ոլորտում

Հայաստանն ու ԵՄ-ն մտադիր են ընդլայնել համագործակցությունը մաքսային ոլորտում

Արմինֆո.Առցանց ձևաչափով տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո գործող Մաքսային հարցերով ենթակոմիտեի առաջին նիստը։

 

Հայաստանի Հանրապետության կողմից նիստը նախագահել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը,  Եվրոպական միության կողմից՝ Մաքսային միության և հարկային հարցերով գլխավոր տնօրինության առևտրի դյուրացման, ծագման կանոնների և միջազգային համակարգման բաժնի ղեկավար Ֆերնանդո Պեռո դե Պիննիկը։

 

ՊԵԿ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, նիստին մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը,  Համաշխարհային մաքսային կազմակերպությունում և Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ Սուրեն Մելիք-Իսրայելյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ։

 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտին առնչվող առաջնահերթություններին, որոնց շրջանակներում ներկայացվել են նախանշված հիմնական ուղղությունները: Քննարկվել են նաև Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության մաքսային օրենսգրքերի նոր խմբագրությունները:

 

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրոպական միության շրջանակներում մաքսային վարչարարության կիրառման պրակտիկային, այդ թվում՝ իրավական լուծումների մոտարկման համատեքստում։ 

 

Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր իրականացնել համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ: