Հինգշաբթի, 13 Մայիսի 2021 19:40
Նաիրա Բադալյան

Կփակվեն հարյուրավոր ձեռնարկություններ, կկորցնենք հազարավոր աշխատատեղեր. հայ ռեստորանատերերը ֆինանսական իշխանություններին նախազգուշացնում են զերծ մնալ ԱԱՀ-ի ընդհանուր համակարգի ներդրումից

Կփակվեն հարյուրավոր ձեռնարկություններ, կկորցնենք հազարավոր աշխատատեղեր. հայ ռեստորանատերերը ֆինանսական իշխանություններին նախազգուշացնում են զերծ մնալ ԱԱՀ-ի ընդհանուր համակարգի ներդրումից

Արմինֆո. Ռեստորանների հայկական միությունը հայտարարություն է տարածել, որում իր կտրուկ անհամաձայնությունն է հայտնել ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) ընդհանուր համակարգի ներդրման վերաբերյալ կառավարության առաջարկին: Հայտարարությունում ասվում է.

«Ռեստորանների Հայկական Միությունը կտրականապես դեմ է կառավարության կողմից առաջարկվող, ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարությունների կողմից նախնական քննարկման դրված ընդհանուր ԱԱՀ համակարգի ներդրման հայեցակարգին, որով վերացվում է նաեվ շրջանառության հարկի տեսակը, ի մասնավորի, հանրային սննդի ոլորտում աշխատող ընկերությունների համար։

2020-ին Քովիդի համավարակի եվ պատերազմի ճգնաժամերից դեռեվս լիովին դուրս չեկած եվ նոր վերականգնվող տնտեսության ոլորտների, մասնավորապես հանրային սննդի բնագավառի համար, առաջարկվող հարկային փոփոխությունների արդյունքում մի քանի՝ 3-4, անգամ կավելանա հարկային բեռը եվ կունենա ծանր հետեվանքներ՝ անհամեմատ կբարձրանան մատուցվող ծառայությունների արժեքները, կառաջանա անհավասար մրցակցություն,  կփակվեն հարյուրավոր ձեռնարկություններ, կկորսվեն հազարավոր աշխատատեղեր։

Սա իր հերթին բերելու է նաեվ հանրային սննդի կողմից վճարվող հարկերի կրճատման՝ այսինքն նաեվ չի իրագործվելու ավելի շատ հարկեր հավաքելու կառավարության հռչակած նպատակը։

Միաժամանակ հիշեցնում ենք, որ 2018-ին արդեն իսկ երեք անգամ ավելացել է հանրային սննդի ոլորտի հարկային բեռը, ինչը նշանակում է, որ առաջարկվող հայեցակարգի ընդունման դեպքում ընդամենը 3 տարում մեր բնագավառի բիզնեսի հարկումը ավելանում է 10 անգամ։ Սա անթույլատրելի է։

Ելնելով վերոնշյալից պահանջում ենք պահպանել շրջանառության հարկը առկա կարգավորումներով, բարելավել հարկային վարչարարությունը եվ չխոչընդոտել այս հետճգնաժամային իրավիճակում հանրային սննդի ոլորտի վերականգնմանը։

Ռեստորանների Հայկական Միությունը վճռականորեն շարունակելու է բոլոր օրինական միջոցներով պայքարել հանրային սննդի ոլորտի շահերի պաշտպանության համար»:

Մինչդեռ, ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնեցին Հայաստանի ֆինանսների նախարարությունից, փաստորեն, գերատեսչությունը չի պաշտպանում  նախաձեռնությունը: Այստեղ հաղորդվեց, որ չկա նույնիսկ օրենքի նախագիծ, այլ կա միայն էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված հայեցակարգ: