Հինգշաբթի, 29 Հուլիսի 2021 18:30
Նաիրա Բադալյան

«Տեքսաս փրոդաքշն» ընկերությունը շուրջ 1 մլրդ դրամի ներդրումային ծրագրի շրջանակում հարկային արտոնություն է ստացել կառավարությունից

«Տեքսաս փրոդաքշն» ընկերությունը շուրջ 1 մլրդ դրամի ներդրումային ծրագրի շրջանակում հարկային արտոնություն է ստացել կառավարությունից

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում բավարարել է «Տեքսաս փրոդաքշն» ՓԲԸ-ի ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:

Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է հագուստի արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 995.3 մլն դրամի ներդրում հումքի ձեռք բերման համար: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 20 նոր աշխատատեղ` 180,000 դրամ միջին աշխատավարձով։ Ընկերության շուկայավարման քաղաքականության հիմնական ուղվածությունն է՝ արտահանման ծավալներով առաջատար դիրք զբաղեցնել Հայաստանում. արտադրանքի 80 տոկոսը նախատեսում է արտահանել ՌԴ և ԵՄ, իսկ մնացած մասը իրացնել ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 994.1 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 52 մլն դրամ:

 

«Տեքսաս փրոդաքշն» տրիկոտաժի ֆաբրիկան բացվել է 2017 թվականին եւ գործում է 2500 քմ մակերեսով երկու հարկերում, Երևան քաղաքում՝ 200 աշխատակիցներով և 80 մեքենաներով։ ՓԲԸ կայքում զետեղված տեղեկատվության համաձայն, ձեռնարկությունն արտադրում է տարեկան 400-500 տարբեր մոդելներ։ Սերտիֆիկացման ազգային մարմնի տեղեկատվության համաձայն ՝ ՓԲԸ-ն զբաղվում է բամբակյա մանվածքից, խառը մանվածքից, սինթետիկ մանվածքից, արհեստական մանվածքից, կտավատի մանվածքից, բնական մետաքսե թելերից, բրդե մանվածքից կանանց համար գուլպաաների արտադրությամբ: