Երեքշաբթի, 3 Օգոստոսի 2021 14:08
Կարինա Մելիքյան

Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 6,5 տոկոսից մինչեւ 7 տոկոս

Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 6,5 տոկոսից մինչեւ 7 տոկոս

Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական բանկը հերթական անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով ՝ 6.5%-ից մինննչեւ 7%: Ինչպես ԱրմԻնֆո-ինհաղորդել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, այդ որոշումն ընդունվել է օգոստոսի 3-ին Կենտրոնական բանկի խորհրդի նիստում:

 

Ըստ այդմ, 0,5 տոկոսային կետով բարձրացվել են նաեւ լոմբարդային ռեպո տոկոսադրույքները' 8%-ից մինչեւ 8,5%, եւ բանկերից ներգրավվող ավանդների տոկոսադրույքները'  5%-ից մինչեւ 5,5%:

 

ԿԲ խորհրդի այս որոշման մանրամասն հիմնավորումն այսօր (ժամը 15:30 - ին) մամուլի ասուլիսում կներկայացնի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

 

Նշենք, որ 2021 թվականին սա վերաֆինանսավորման տոկոսադրույքի արդեն չորրորդ վերանայումն է բարձրացման ուղղությամբ։ Առաջին անգամ ԿԲ - ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրեց փետրվարի 2-ին՝ 5.25%-ից մինչեւ 5.5%: Ըստ այդմ, 0,25 տոկոսային կետով բարձրացվել են լոմբարդային ռեպո տոկոսադրույքները՝ 6,75%-ից մինչև 7%, և բանկերից ներգրավվող ավանդների տոկոսադրույքները՝ 3,75%-ից մինչև 4%: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի երկրորդ բարձրացումը մայիսի 4-ին էր՝ 0,5 տոկոսային կետով՝ մինչև 6%, ինչին համապատասխան, բարձրացվել են լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքները՝ մինչև 7,5%, և բանկերից ներգրավվող ավանդների տոկոսադրույքները՝ մինչև 4,5%: Իսկ վերաֆինանսավորման տոկոսադրույքի երրորդ բարձրացումը հաջորդել է հունիսի 15-ին՝ մինչեւ 6,5%, որին համապատասխան, լոմբարդային ռեպո տոկոսադրույքը բարձրացել է մինչեւ 8%, եւ բանկերից ներգրավված ավանդների գծով՝ մինչեւ 5%:

 

Մինչ այդ ՝ 2020 թվականին ԿԲ-ն վերանայել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը չորս անգամ՝ նվազման ուղղությամբ և մեկ անգամ ՝ բարձրացման ուղղությամբ։ Մասնավորապես, վերաֆինանսավորման տոկոսադրույքի 5,5%-ից մինչեւ 4,25% (մարտ, ապրիլ, հունիս, սեպտեմբեր) իջեցումից հետո դեկտեմբերին հաջորդել է մինչեւ 5,25% աճ: Եւ համապատասխան փոփոխություն են  կրել լոմբարդային ռեպո եւ բանկերից ներգրավվող ավանդների տոկոսադրույքները: