Չորեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2021 14:34
Ալինա Հովհաննիսյան

Օգոստոսի վերջի դրությամբ Հայաստան է այցելել 488 հազար զբոսաշրջիկ

Օգոստոսի վերջի դրությամբ Հայաստան է այցելել 488 հազար զբոսաշրջիկ

Արմինֆո.Օգոստոսի վերջի դրությամբ Հայաստան է այցելել 488 հազար զբոսաշրջիկ։ Այդ մասին սեպտեմբերի 8-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է  էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

 

Միայն օգոստոսին երկիր այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 143 հազար: "Դա նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ մենք արդեն ունենք 130 տոկոս աճ", - նկատել է նա:

 

Վերադառնալով Հայաստան զբոսաշրջային հոսքի աճի վերաբերյալ ավելի վաղ հնչեցված կանխատեսմանը, որը կկազմի 319 տոկոս, Քերոբյանը դժվարացել է ստույգ գնահատական տալ, թե արդյոք կհաջողվի կատարել այդ ծրագիրը: Այդ կապակցությամբ նա վկայակոչել է կորոնավիրուսի համավարակի առնչությամբ աշխարհում անկայուն իրավիճակը, որը բարդացնում է ճանապարհների անցանելիության հետ կապված իրադրությունը:

 

Նախարարը, սակայն, վստահություն է հայտնել, որ տարվա արդյունքներով պարտադիր կարգով Հայաստան կայցելի ավելի քան 1 մլն զբոսաշրջիկ։ "Տարին դեռ չի ավարտվել, առջեւում ունենք 4 ամիս։ Մենք տեսնում ենք, որ օրեցօր ավելանում են ավիաչվերթները, հուսով եմ, որ մենք մեր կանխատեսումներից շատ չենք շեղվի", - ասել է նա։

 

Նշենք, որ ըստ նախարարության կանխատեսման, 2021 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կկազմի 1.2 մլն: Հիշեցնենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, զբոսաշրջության նպատակով 2020 թվականին Հայաստան է այցելել 375 216 մարդ, ինչը 80,2 տոկոսով ցածր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից: 2019 թվականին Հայաստանում զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 1.8 միլիոնը, ինչը 14 տոկոսով ավելի է, քան 2018 թվականին: