Երկուշաբթի, 18 Հոկտեմբերի 2021 16:29

«Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի և «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության համատեղ ծրագիրը կաջակցի մարզաբնակ 200 երիտասարդների աշխատանքի անցնելու կամ սեփական բիզնես հիմնելու հարցում

«Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի և «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության համատեղ ծրագիրը կաջակցի մարզաբնակ 200 երիտասարդների աշխատանքի անցնելու կամ սեփական բիզնես հիմնելու հարցում

Արմինֆո.Ս.թ. հոկտեմբերի 1-ին պաշտոնապես մեկնարկեց «Հմուտ երիտասարդներ հանուն համայնքի զարգացման» «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի կողմից ֆինանսավորվող և «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող երկամյա ծրագիրը:  Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 111 հազար ԱՄՆ դոլար, որից 100,2 հազար ԱՄՆ դոլարը  տրամադրել է  «Էյչ-Էս-Բի-Սի» Խումբը:

 

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի չորս մարզերի` Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի և Արագածոտնի հեռավոր համայնքների 16-35 տարեկան 200 երիտասարդների զբաղվածության մակարդակի բարձրացմանը, սոցիալական ներառմանը և ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանը: Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել վերոնշյալ չորս մարզերի սոցիալապես անապահով ընտանիքների երիտասարդները: Ընտրված մասնակիցները, մասնագիտական հմտություններից բացի կծանոթանան նաև բիզնեսի կառավարման, շուկայի ուսումնասիրության, ձեռնարկատիրական կրթության և ֆինանսական գրագիտության նրբություններին: Մասնակիցներին կտրամադրվեն նաև անհրաժեշտ նյութեր ու գործիքներ գործնական ուսուցման համար:

 

Ծրագիրը կիրականացվի երկու փուլով: Առաջին տարվա ընթացքում շահառու երիտասարդները կմասնակցեն զբաղվածության և ձեռնարկատիրական հմտությունների զարգացման, մասնագիտական գիտելիքների ձեռքբերման տեսական և գործնական դասընթացների: Մասնակիցների հետ կաշխատեն և նրանց կդասավանդեն փորձառու մասնագետներ և դասընթացավարներ:

 

Երկրորդ տարվա ընթացքում ծրագիրը կնպաստի ձեռնարկությունների ստեղծմանը և մասնակիցների զբաղվածության ապահովմանը։ Ծրագրի ավարտին շահառու երիտասարդները  հնարավորություն կունենան իրենց մարզում աշխատանք գտնել կամ սեփական բիզնեսը հիմնել: Լավագույն բիզնես պլանները ներկայացրած 25 երիտասարդներ կստանան 700 ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհ իրենց բիզնեսի առաջխաղացման համար:

 

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը նշում է ծրագրի կարևորության մասին. «Այսօր իմաստալից կյանք ունենալու համար հարկավոր է ունենալ արժանապատիվ աշխատանք: Այս ծրագիրը միտված է տալ երիտասարդներին հմտություններ, որոնք էլ կապահովեն նրանց այդ արժանապատիվ աշխատանքը»:

 

«Էյչ-Էս-Բի-Սի» Հայաստան բանկի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը  հավելում է. «Բազմաթիվ երիտասարդներ ունեն  կարողություններ և նպատակ՝ բիզնեսում հաջողելու կամ թեև դժվարին, բայց հաջող կարիերա ունենալու համար, սակայն նրանք աջակցության կարիք ունեն։ Հանդիսանալով «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի անդամ՝ մենք շարունակում ենք բանկի երկարատև ավանդույթը. այն է`  հնարավորինս խթանել դրական ազդեցությունն այն երկրներում, որտեղ մենք  գործունեություն ենք ծավալում։

Էյչ-Էս-Բի-Սի-ն օգնում է սոցիալապես խոցելի մարդկանց՝ նպաստելով զբաղվածության աճին և բարելավելով ֆինանսական կարողություններն իր «Ապագայի հմտություններ, մեծ ազդեցություն» միջազգային ծրագրի ֆոնդի միջոցով։ Այս ծրագիրը հրաշալի օրինակ է ի ցույց նրա, թե ինչպես մեր գլոբալ ցանցի և հնարավորությունների միջոցով հնարավոր է դառնում նպաստել տեղական համայնքների զարգացմանը»։