
Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ տարածաշրջանի տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է որակապես փոխել ՀՀ տնտեսության բովանդակությունն ու կառուցվածքը: Այդ մասին նա հայտարարել Է հոկտեմբերի 25-ին խորհրդարանում՝ ներկայացնելով "ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին" օրենքի նախագիծը։
«Անվտանգության համակարգի զարգացման իմաստով կարևոր է ոչ միայն բանակի պաշտպանական կարողությունների արդիականացումը, այլև Հայաստանի Հանրապետության շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձևավորումը։ Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրագործումը, որը մենք տեսնում ենք մեր տարածաշրջանում թշնամանքի մթնոլորտի հաղթահարման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահության ձևաչափով բանակցային գործընթացի վերականգնման, տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման միջոցով։
Պետք է ընդգծեմ, որ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է որակապես փոխել Հայաստանի Հանրապետության տնտեսության բովանդակությունը և կառուցվածքը, լրացուցիչ խթան դառնալ ներհայաստանյան ենթակառուցվածքների զարգացման համար, ապահովել երկարաժամկետ ներառական տնտեսական աճ՝ Հայաստանի քաղաքացիների համար ստեղծելով հավասար պայմաններ տնտեսական գործունեության մեջ ներգրավվելու համար, էականորեն բարձրացնել մեր տնտեսության գրավչությունը տեղական և օտարերկրյա ներդրումների համար։
Տարածաշրջանային ենթակառուցվածքային զարգացումներին զուգահեռ, մենք հայաստանյան ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ 2022 թվականին ծախսելու ենք 32 տոկոսով ավելի, քան 2021 թվականին՝ այս ուղղությամբ կատարվելիք ծախսերը հասցնելով ավելի քան 278 մլրդ դրամի։ Նախատեսված է վերականգնել և նորոգել 500 կմ ճանապարհ, նախագծել և/կամ կառուցել տարբեր մեծության ջրամբարներ, որոնք պետք է էապես բարձրացնեն ոռոգման ջրի մատակարարման ծավալը և որակը։ 35 տոկոսով աճելու է խմելու ջրի որակի բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքների ծավալը՝ հասնելով 11,5 մլրդ դրամի։ Մեկնարկելու են Հյուսիս-հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ հատվածների մրցույթները՝ նպատակ ունենալով հաջորդ տարի արդեն սկսել միանգամից երկու հատվածների շինարարական աշխատանքները։