Երկուշաբթի, 23 Մայիսի 2022 15:20
Ալինա Հովհաննիսյան

Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Դավիթ Բեկ» հուշադրամը 

Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Դավիթ Բեկ» հուշադրամը 

Արմինֆո. ՀՀ կենտրոնական բանկը 2022 թվականի մայիսի 23-ից շրջանառության մեջ է դրել «Դավիթ Բեկ» արծաթե հուշադրամը՝ ի պատիվ  հայ ազգային-ազատագրական շարժման առաջնորդի եւ զորավարի, որը ծառայել է Վրաց թագավոր Վախթանգ VI-ի բանակում:

  «Սյունիքի հայերի խնդրանքով իր զորախմբով 1722 թ. սեպտեմբերին մտել է Սիսիան և Կապան ու ղեկավարել օտար զավթիչների դեմ բռնկված ժողովրդական շարժումը: 1722-1725 թթ. ազատագրել է ամբողջ Սյունիքը իրանական զորախմբերից ու մահմեդական զավթիչներից: Կարճ ժամանակահատվածում կազմակերպել է հայկական կանոնավոր զորագնդեր ու կարգավարժ բանակ, վերականգնել հին բերդերն ու ամրությունները, ստեղծել ռազմական հենակետեր՝ հիմնելով հայկական անկախ իշխանապետություն՝ Հալիձոր կենտրոնով: 

1725-1727 թթ. օսմանյան բանակը փորձել է գրավել Սյունիքը: 1727 թ. փետրվարի 26-ին Դավիթ Բեկն իր զորքով ամրացել է Հալիձորի բերդում, հերոսաբար կռվել այն պաշարած թուրքական գերակշիռ զորքերի դեմ, մարտի 4-ին անսպասելի հակագրոհով ջախջախել և փախուստի մատնել նրանց Սյունիքի սահմաններից դուրս: Հալիձորի ճակատամարտում ոչնչացվել է 13000 թուրք ասկյար, թշնամուց առգրավվել է 148 մարտական դրոշ։ Ձեռք բերված հաղթանակը մեծապես նպաստել է Սյունիքի և Արցախի հայ ազատագրական շարժման համախմբմանն ու հայկական զորքերի հետագա հաջողություններին: 

Դավիթ Բեկը հայրենասիրության խորհրդանիշ է, հայ ժողովրդի ազատագրական պայքարի ռահվիրա: 

Դավիթ Բեկին են նվիրված Րաֆֆու «Դավիթ Բեկ» պատմավեպը, Արմեն Տիգրանյանի համանուն օպերան և Համո Բեկնազարյանի գեղարվեստական կինոնկարը։ Դավիթ Բեկի հուշարձանը կանգնեցվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում, նրա անունով կոչվել են փողոցներ Երևանում և Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում», - ասվում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրությունում: 

 

Հուշադրամի դիմերեսին՝ Հալիձորի բերդապարիսպը Խուստուփ լեռան ֆոնին, ջահի և թրի պատկերներ: 

Դարձերեսին՝ դրվագ Դավիթ Բեկի հուշարձանից՝ Կապանում (քանդակագործներ՝ Ս. Բաղդասարյան, Մ. Նուրիջանյան, 1978 թ.), ձիու ոտքերի տակ թափված զենքի պատկերներ: Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում: 


Տեխնիկական չափանիշները. անվանական արժեքը՝  1000 դրամ; մետաղը/հարգը՝ արծաթ 9250;  քաշը՝ 33,6 գ;

տրամագիծը՝ 40,0 մմ;  որակը՝ պրուֆ; դրամաշուրթը՝ ատամնավոր; թողարկման քանակը՝ 250 հատ; թողարկման տարեթիվը՝ 2022​:  

 

Աղբյուրը նաեւ ծանուցում է. հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով: Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին: Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում: Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար: