Երեքշաբթի, 28 Հունիսի 2022 18:44
Կարինա Մելիքյան

ACBABank-ը եւ Ամերիաբանկը ներդրումներով օգնել են շահառուներին անկանխիկ վճարումների ընդունման համակարգով հսկիչ-դրամարկղային մեքենաներ տրամադրել

ACBABank-ը եւ Ամերիաբանկը ներդրումներով օգնել են շահառուներին անկանխիկ վճարումների ընդունման համակարգով հսկիչ-դրամարկղային մեքենաներ տրամադրել

Արմինֆո. Հայաստանի կենտրոնական բանկը հանդես է եկել հայտարարությամբ` «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու վերաբերյալ: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդման համաձայն, հայտարարությունում ասվում է.

 

«Հարգելի՛ քաղաքացիներ, ինչպես հայտնի է, ս.թ. հուլիսի 1- ից ուժի մեջ է մտնելու  «Անկանխիկ  գործառնությունների մասին»  ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք): Օրենքի համաձայն՝ 2022թ-ի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում 300 հազար ՀՀ դրամը գերազանցող օրենքով սահմանված 

գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով: Ընդ որում՝ առանձին գործարքների, օրինակ՝ 

կրթաթոշակների, պետական գնումների, բժշկական, կրթական, նոտարական, փաստաբանական, այդ թվում՝ խորհրդատվական ծառայությունների դիմաց կատարվող վճարների մասով, սահմանվել է դրանք 

ամբողջությամբ անկանխիկ իրականացնելու պահանջ։ Անկանխիկ են լինելու նաև աշխատավարձերը, 

բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերը և փոխառությունները: 

Տրամադրված փոխառությունների մարումը, ապահովագրական հատուցումները ևս կատարվելու են անկանխիկ եղանակով:

         

Հայտնում ենք, որ ՀՀ տարածքում գործունեություն ծավալող առևտրային բանկերից երկուսը, 

մասնավորապես՝  «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն և «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն, Հայաստանի  Հանրապետության  Կենտրոնական բանկի բաց օֆերտայի և բանկերի միջև տեղի ունեցած քննարկումների հիման վրա, հանձն են առել և իրականացրել են համապատասխան մեծածավալ ներդրումներ և աշխատանքներ՝ շահառուների  մոտ ՀԴՄ սարքերի միջոցով անկանխիկ վճարումներ ընդունելու համակարգի ակտիվացման նպատակով։  Հայտնում ենք ձեզ, որ կարող եք դիմել նշված բանկեր համապատասխան ծառայությունները ստանալու  համար: Միաժամանակ այն հարկ վճարողները, ովքեր մինչ օրս չեն  ունեցել նման  հնարավորություն,  ևս կարող են օգտվել նշյալ համակարգից՝ հնարավորինս նվազագույն սակագներով:

 

Նշյալ տեղեկատվության մասին հարկ վճարողները համապատասխան ծանուցում կստանան նաև ՀՀ  պետական եկամուտների կոմիտեի «Հարկատու-3» տեղեկատվական հարթակի միջոցով:  Ընդ որում՝  համապատասխան ծանուցումը ստանալուց և սպասարկող բանկի մասին տեղեկանալուց հետո ՀԴՄ սարքի վրա ծրագրի ակտիվացումը կատարվելու է բանկի կողմից:

 

Ընդ որում՝ Օրենքի 4-րդ հոդվածի 9- րդ մասի համաձայն՝  ՀՀ կենտրոնական բանկն իր նորմատիվ  իրավական ակտերով կարող է սահմանել անկանխիկ գործառնությունների համար միջնորդավճարների  առավելագույն և նվազագույն սահմանաչափերը, ինչպես նաև դրանց վճարման դեպքերը, կարգը և  պայմանները: Այս առումով, Կենտրոնական բանկը պարբերաբար վորլուծելու է ՀՀ բանկերի կողմից  գանձվող միջնորդավճարների սահմանաչափերը և աշխատանքներ է իրականացնելու դրանց  օպտիմալացման ուղղությամբ: Շրջանառության ծավալների մեծացմանը զուգընթաց սպասվում են սակագների հետագա վերանայումներ՝ նվազման ուղղությամբ»: