Երեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2022 15:28
Մարիաննա Մկրտչյան

ԱԳ նախարարն ԱԷՄԳ գլխավոր տնօրենի հետ հանդիպման ընդգծել է ՀԱԷԿ-ի շահագործման հետ կապված անհարկի շահարկումների անթույլատրելիությունը  

ԱԳ նախարարն ԱԷՄԳ գլխավոր տնօրենի հետ հանդիպման ընդգծել է ՀԱԷԿ-ի շահագործման հետ կապված անհարկի շահարկումների անթույլատրելիությունը   

Արմինֆո. Հոկտեմբերի 4-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի հետ:

 

ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, նախարար Միրզոյանը ընդգծել է, որ Հայաստանը՝ որպես ատոմային էլեկտրակայան շահագործող երկիր, կարևորում է ԱԷՄԳ հետ հաստատված արդյունավետ համագործակցության զարգացումը՝ ուղղված միջուկային էներգիայի խաղաղ, անվտանգ և ապահով օգտագործմանը: Հայակական կողմը բարձր է գնահատել Գործակալության տեխնիկական համագործակցության ծրագրի և ԱԷՄԳ առաքելությունների դերը, որոնք հիմնարար նշանակություն ունեն ատոմային էլեկտրակայանի անվտանգ երկարաժամկետ շահագործման համար։ Այս համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է Հայկական ատոմային էլեկտրակայանի նկատմամբ հնչած սպառնալիքների, ինչպես նաև էլեկտրակայանի շահագործման հետ կապված անհարկի շահարկումների անթույլատրելիությունը:

 

Ռաֆայել Գրոսին նշել է, որ Հայաստանն ԱԷՄԳ վստահելի գործընկերն է և առանձնահատուկ շեշտել Հայաստանի թափանցիկ գործելաոճը և ԱԷՄԳ առաքելությունների առաջարկությունների հետևողական հասցեագրումը։

 

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստան-ԱԷՄԳ ծավալուն օրակարգն իր մեջ ներառում է ինչպես միջուկային անվտանգության և էներգետիկայի, այնպես էլ՝ շրջակա միջավայրի, առողջապահության, արտակարգ իրավիճակների և այլ բնագավառներ: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է վերոնշյալ ուղղություններով Գործակալության ֆինանսական և մասնագիտական աջակցությամբ իրականացվող ծրագրերը:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի:

 

Նշենք, որ Հայաստանն ԱԷՄԳ -ի անդամ է 1993 թվականից։ ԱԷՄԳ-ը վերահսկողություն է իրականացնում հանրապետությունում գործող միակ միջուկային օբյեկտի նկատմամբ։ Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունն արդյունավետ կերպով զարգանում է ոչ միայն միջուկային էներգետիկայի, այլեւ միջուկային բժշկության եւ երկրի տնտեսության այլ ոլորտներում: