Հինգշաբթի, 9 Մարտի 2023 19:53
Ալինա Հովհաննիսյան

Ամերիկյան SADA տեխնոլոգիական ընկերությունը կաջակցի Հայաստանի կրթական համակարգի թվայնացմանը

Ամերիկյան SADA տեխնոլոգիական ընկերությունը կաջակցի Հայաստանի կրթական համակարգի թվայնացմանը

Արմինֆո. Մարտի 10-ին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա տարածաշրջանում ՏՏ ոլորտի խոշորագույն DigiTec համաժողովը, որը կհամախմբի բարձր տեխնոլոգիական ոլորտի լավագույն ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից։

 

Ինչպես հաղորդում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, համաժողովի շրջանակում կստորագրվի Համագործակցության հուշագիր ՀՀ Էկոնոմիկայի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների և պրոֆեսիոնալ ծառայությունների համաշխարհային առաջատար SADA-ի միջև:

 

Հուշագրով ՀՀ պետական մարմինները և Google Cloud-ի առաջատար գործընկեր SADA-ն համատեղում են ջանքերը՝ ՀՀ ամբողջ տարածքում կրթության հավասար հնարավորությունների, կրթական համակարգի թվայնացման զարգացման համար Google Workspace for Education Fundamentals ծառայությունների և գործիքակազմի ներդրման ուղղությամբ:

 

Փաստաթուղթը կստորագրեն մի կողմից նախարարներ Վահան Քերոբյանը, Ժաննա Անդրեասյանը, Ռոբերտ Խաչատրյանը և մյուս կողմից՝ SADA ընկերության նախագահ, գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը:

 

Նշենք, որ SADA-ն բիզնեսի եւ տեխնոլոգիաների ծառայությունների համաշխարհային առաջատար մատակարարներից է, որը հիմնադրվել է 2000 թվականին ԱՄՆ-ում: Այժմ ընկերությունը համարվում է Ամերիկայում ամենաարագ աճողներից մեկը և հանդիսանում է պրոֆեսիոնալ ծառայությունների շուկայի առաջատարը։ SADA-ն մատուցում է Google Cloud ամպային լուծումներ ՝ հանդիսանալով վերջինիս գործընկերը ։ Ընկերության հաճախորդների բազան ընդգրկում է առողջապահության, մեդիայի և զվարճանքի, առևտրի, արտադրության և այլ ոլորտները