Չորեքշաբթի, 15 Նոյեմբերի 2023 18:41
Ալեքսանդր Ավանեսով

Առաջիկայում ավտոմոբիլային վառելիքի շուկայում իրավիճակը կկարգավորվի. նախարար

Առաջիկայում ավտոմոբիլային վառելիքի շուկայում իրավիճակը կկարգավորվի. նախարար

Արմինֆո.Արդեն մոտ ժամանակներս ավտոմոբիլային վառելիքի շուկայում իրավիճակը կկարգավորվի։ Այդ մասին նոյեմբերի 15-ին ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին։

 

Պատգամավորը, մասնավորապես, նշել է բենզինի, դիզվառելիքի և հեղուկ գազի գների սրընթաց աճը։ Դեռ մի քանի օր առաջ հեղուկ գազի 1 լիտրն արժեր 160 դրամ, իսկ այսօր գինը գերազանցել է 220 դրամը, նույնը վերաբերում է բենզինին, որի պրեմիում տեսակի 1 լիտրն արդեն արժե 570 դրամ, էլ չենք խոսում սուպեր տեսակի բենզինի մասին, որի արժեքը 700 դրամից ավելի է: Պատգամավորը նշել է, որ Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում գները գրեթե երկու, նույնիսկ երեք անգամ ավելի ցածր են:

 

Ի պատասխան՝ Գնել Սանոսյանը նշել է, որ աճը պայմանավորված է եղել ավտոմոբիլային վառելիքի դեֆիցիտով: Սակայն Հայաստանի համար լրացուցիչ քվոտայով անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ստորագրումից հետո մատակարարները սկսել են վառելիքի ներկրումը, ինչը կազդի նաեւ գների վրա։