Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2023 17:49
Ալինա Հովհաննիսյան

Վահան Քերոբյան. Հայաստանում Հնդկաստանից աշխատանքային միգրանտների թիվը չի գերազանցում 30 հազարը

Վահան Քերոբյան. Հայաստանում Հնդկաստանից աշխատանքային միգրանտների թիվը չի գերազանցում 30 հազարը

Արմինֆո. Հայաստանում Հնդկաստանից աշխատանքային միգրանտների թիվը չի գերազանցում 30 հազարը։ Այդ մասին նոյեմբերի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները։

 

Նա նշել է, որ Հնդկաստանի քաղաքացիները Հայաստանում, հիմնականում, ներգրավված են շինարարության, գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտներում: "Դրանք, հիմնականում, ոչ որակավորված կադրեր են", - ասել է նախարարը, նշելով, որ Հայաստանի այդ ոլորտներում աշխատում են նաև Ուզբեկստանի և Իրանի քաղաքացիներ:

 

Ինչ վերաբերում է բարձր որակավորում ունեցող կադրերին, ապա նախարարի խոսքով, Հայաստանի աշխատաշուկան համալրել են Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից աշխատանքային միգրանտները:

 

Նախարարը նշել է, որ գերատեսչությունն այժմ մտադիր է լուծել բռնի տեղահանված Արցախի քաղաքացիների աշխատանքի տեղավորման հարցը, որպեսզի վերջիններս ներգրավվեն Հայաստանի տնտեսական կյանքում:

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-20-ը ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախից Հայաստան բռնի տեղահանվել է ավելի քան 106 հազար քաղաքացի:

 

2022 թվականի սկզբից Հայաստան տեղափոխված Ռուսաստանի քաղաքացիների թիվը, ինչպես ավելի վաղ հաղորդել էր էկոնոմիկայի նախարարը, կազմել է մոտ 110 հազար, Ուկրաինայից՝ 4-4. 5 հազար։ Երկրում գործազրկության մակարդակը կազմում է մոտ 13%: