Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023 16:24
Նաիրա Բադալյան

ԵՆԲ-ը պատրաստ է հայկական կողմի հետ քննարկել նոր նախագծերի իրականացման ուղղությամբ համագործակցության հեռանկարները

ԵՆԲ-ը պատրաստ է հայկական կողմի հետ քննարկել նոր նախագծերի իրականացման ուղղությամբ համագործակցության հեռանկարները

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ընդլայնման եւ հարեւանության վարչության տնօրեն Լիոնել Ռափայլին եւ ԵՆԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մացիեյ Ցզուրային:

 

Ողջունելով հյուրերին՝ նախարարն ընդգծել է, որ Եվրոպական ներդրումային բանկը ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման կարեւոր գործընկերներից է եւ կարեւորել է մի շարք ուղղություններով ԵՆԲ-ի հետ համագործակցության շարունակականության կարեւորությունը, մասնավորապես՝ էներգետիկայի, կրթության, ճանապարհաշինության եւ աղբահանության ոլորտներում:

 

Նախարարության հաղորդագրության համաձայն, ԵՆԲ գործընկերները պատրաստակամություն ցուցաբերեցին քննարկելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության տեղահանման հետեւանքով առաջացած խնդիրների լուծմանն աջակցելու հնարավորությունները:

 

ԵՆԲ գործընկերներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել արդյունավետ եւ կառուցողական փոխգործակցության համար եւ վերահաստատել, որ ԵՆԲ-ն պատրաստ է հայկական կողմի հետ քննարկել նոր նախագծերի իրականացման շուրջ համագործակցության հեռանկարները: