Երկուշաբթի, 13 Մայիսի 2024 17:33
Ալինա Հովհաննիսյան

Մարտին Գալստյան. Բարենպաստ ֆոնի դեպքում առանցքային տոկոսադրույքի իջեցումը իր հետևից կքաշի վարկային տոկոսադրույքները

Մարտին Գալստյան. Բարենպաստ ֆոնի դեպքում առանցքային տոկոսադրույքի իջեցումը իր հետևից կքաշի վարկային տոկոսադրույքները

Արմինֆո. Ժամանակի ընթացքում, եթե ընդհանուր ֆոնն ավելի բարենպաստ լինի, վերաֆինանսավորման տոկոսադրույքի անկմանը զուգընթաց մենք կտեսնենք վարկային պրոդուկտների տոկոսադրույքների որոշակի նվազում: Այդ մասին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

 

Միևնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ առանցքային տոկոսադրույքի 4,25% - ից մինչև 10,75% աստիճանական աճից հետո բանկերի վարկային տոկոսադրույքների աճն անհամաչափ էր՝ ավելի ցածր: Որպես օրինակ Գալստյանը վկայակոչել է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները, որոնք ավելի պահանջված են բնակչության շրջանում, նշելով, որ վերջիններս այդ ժամանակահատվածում աճել են 1,5 - 2 տոկոսի սահմաններում։

 

"Այժմ մենք տեսնում ենք, որ մեր կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը ազդում է, հիմնականում, պետական պարտատոմսերի եկամտաբերության նվազման վրա։ Եկամտաբերության կորը զգալիորեն նվազել է մեր որոշումների հետևանքով>, - ասել է ԿԲ ղեկավարը։

 

Հիշեցնենք, որ ս.թ. ապրիլի 30 - ին ԿԲ խորհուրդն ավելի իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՝ այս անգամ ևս 0.25 տոկոսային կետով ՝ 8.5 տոկոսից մինչեւ 8.25 տոկոս: Նշենք, որ 2024 թվականի վերաֆինանսավորման տոկոսադրույքի նախորդ իջեցումները տեղի են ունեցել 2024 թվականի հունվարի 30 - ին ՝ 0,5 տ.կ. - ով ՝ 9,25% - ից մինչև 8,75%, Այնուհետև ՝ 2024 թվականի մարտի 12-ին ՝ 0,25 տ. կ. - ով ՝ 8,75% - ից մինչև 8,5% ։

 

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, ս.թ. մարտի վերջի դրությամբ Հայաստանի բանկերի կողմից դրամով վարկային տոկոսադրույքների միջին ցուցանիշը կազմում է 12,28%, ավանդներինը ' 8,03%: