Երկուշաբթի, 1 Հուլիսի 2024 12:50
Կարինա Մելիքյան

ՀԲ-ը Հայաստանին 110 մլն դոլարի վարկ կտրամադրի «Համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովում» ծրագրի ծրագրին աջակցելու համար

ՀԲ-ը Հայաստանին 110 մլն դոլարի վարկ կտրամադրի «Համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովում» ծրագրի ծրագրին աջակցելու համար

Արմինֆո.Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 110 միլիոն ԱՄՆ դոլար (102 միլիոն եվրոյին համարժեք) վարկ՝ ի աջակցություն Հայաստանի «Համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովում» ծրագրին։

 

Ինչպես նշվում է ՀԲ-ի հաղորդագրությունում, այս գործառնությունը նպատակ ունի բարելավել առողջության առաջնային պահպանման օղակի որակը, ապահովել հասանելի առողջապահական ծառայություններ ողջ երկրում և բարելավել պետական ծախսերի արդյունավետությունը առողջապահության ոլորտում: Ծրագիրն աջակցում է Հայաստանի կառավարության հնգամյա գործունեության միջոցառումների ծրագրի (2021-2026 թթ.) իրականացմանը և «Առողջապահության համակարգի զարգացման ռազմավարության» մաս է հանդիսանում:

  

Թեև Հայաստանի առողջապահական ցուցանիշները վերջին տասնամյակների ընթացքում բարելավվել են մոր և մանկան առողջության ուղղությամբ, այնուամենայնիվ ոչ վարակիչ հիվանդությունները դեռևս մահացությունների և հիվանդությունների ամենամեծ բաժինն են կազմում։ Առողջապահության ոլորտում պետական ծախսերի ցածր մակարդակը և առողջապահական համակարգի ցածր արդյունավետությունը նպաստում են մեծ ծախսերի, ինչը հանգեցնում է բնակչության շրջանում սեփական միջոցներից մեծ վճարումների («գրպանից վճարումների»): Հայաստանի առողջապահության ոլորտում ընթացիկ ծախսերի՝ նմանատիպ վճարումների մասնաբաժինը աշխարհում ամենաբարձրներից է (2021թ. կազմել է 81,4 տոկոս)։

 

«Հայաստանում մասնավոր առողջապահական բարձր ծախսերն եզակի են աշխարհում և բացասաբար են անդրադառնում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի վրա։ Ընթացիկ բարեփոխումները նպատակ ունեն ստեղծել ավելի լավ ֆինանսական և կարգավորող խթաններ որակյալ առողջապահական ծառայությունների տրամադրման համար։ Ընգրկուն բարեփոխումները կարող են հիմնովին փոխել Հայաստանի բնակչության շրջանում հիվանդությունների օրինաչափությունները, և առողջապահությունն ավելի մատչելի դարձնել բնակչության համար», - նշել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը:

 

Հաստատված գործառնությունը կօգտագործի «արդյունքահենք ծրագիր» ֆինանսավորման գործիքը, որն ուղղակիորեն կապում է միջոցների բաշխումը ծրագրի կոնկրետ արդյունքների գրանցման հետ։ Այն կաջակցի երկրի առողջապահական ոլորտի հավակնոտ բարեփոխումներին, ներառյալ պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրմանը։ Ի լրումն առողջապահական ծառայությունների որակի բարելավման միջոցառումների, բարեփոխումների նպատակն է բարձրացնել առողջապահության ոլորտի պետական ​​ծախսերի արդյունավետությունը, օրինակ՝ պետության կողմից ֆինանսավորվող հիմնական դեղերի գնագոյացման այնպիսի մեխանիզմի կիրառում, որը հիմնված կլինի միջազգային գների համեմատությունների վրա։

 

Ծրագրի շահառուների շրջանակը Հայաստանի ողջ բնակչությունն է, ով կստանա ավելի որակյալ և մատչելի բժշկական ծառայություններ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար: Ակնկալվող արդյունքներից են․ առաջնային բուժօգնության հաստատությունների ֆինանսավորման այնպիսի համակարգի ներդրում, որի հիմքում են որակի և ծածկույթի ցուցանիշները, բուժքույրերի և ընտանեկան բժիշկների բարելավված ուսուցում, նշանակված դեղերի ցածր գների ապահովում և ընթացիկ առողջապահական ծախսերում «գրպանից վճարումների» մասնաբաժնի կրճատում։