
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է 2021 թվականին հիմնադրված "Ֆանֆրութտ" ՍՊԸ, որը պատկանում է "Բադալյան եղբայրներ" ընկերությունների խմբին: Ձեռնարկությունը զբաղվում է գյուղատնտեսության ոլորտում։ Ընկերության համահիմնադիրներ Վիգեն Բադալյանի, Վահագն Բադալյանի և Ռոման Բադալյանի ուղեկցությամբ վարչապետը շրջայց է կատարել Արագածոտնի մարզի Արագածավան գյուղին հարակից 270 հա մակերեսով ինտենսիվ այգիներով, ծանոթացել աշխատանքներին և ձեռքբերումներին: Այս մասին ասված է ՀՀ Հանրային հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ:
170 հա տարածքի վրա տանձի այգիներ են, ևս 100 հա՝ դեղձի այգիներ։ Տարածքում տնկվել է մոտ 650 հազար ծառ ։ Ակնկալվում է, որ երբ այգին մտնի ամբողջական բերքատվության շրջան, մրգի ընդհանուր ծավալը կկազմի 11500 տոննա ։ Այս պահին ընկերության ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 12 մլրդ դրամ։
Ընկերությունում ծրագրեր են կազմում ապագայի համար։ Մասնավորապես, նախատեսվում է կառուցել 8 հազար տոննա տարողությամբ սառնարանային վակուումային պահեստախցիկներ՝ հագեցած ժամանակակից տեխնոլոգիաներով և սարքավորումներով: Նոր տեխնոլոգիան թույլ կտա կարգավորել ածխաթթու գազի և թթվածնի հարաբերակցությունը, ինչը մեծ առավելություն է գոյություն ունեցող ավանդական մեթոդների համեմատ: Սառնարանային կայանքի գործարկման գործընթացում ներգրավված են Նիդերլանդների և Իտալիայի հայտնի ընկերությունների մասնագետներ: