Ուրբաթ, 13 Սեպտեմբերի 2024 15:44
Ալինա Հովհաննիսյան

ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար. Մենք Հայաստանն ավելացնում ենք գինու տուրիզմի քարտեզի վրա

ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար. Մենք Հայաստանն ավելացնում ենք գինու տուրիզմի քարտեզի վրա

Արմինֆո.Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին:

 

ԱԳՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են ԶՀԿ հետ ՀՀ փոխգործակցության, ինչպես նաև ընդհանուր առմամբ զբոսաշրջության և կայուն զարգացմանն առնչվող հարցեր:

 

Նախարար Միրզոյանը նշել է. «ՀՀ կառավարությունն իրականացնում է հայկական արտադրության ու դրա արտահանման, զբոսաշրջության խթանման, ոլորտում ներդրումների ներգրավվման համար կարևոր, թիրախային բարեփոխումներ: 2024թ․ դրությամբ ավելի քան 40 ավիաընկերություններ ուղիղ թռիչքներ են իրականացնում դեպի Հայաստան, որն ունի ակտիվ խաչմերուկի վերածվելու մեծ ներուժ»:

 

Արարատ Միրզոյանը և Զուրաբ Պոլոլիկաշվիլիին անդրադարձել են  ՄԱԿ-ի ԶՀԿ-ի զբոսաշրջության գործադիր խորհրդի շրջանակներում աշխատանքներին, որի անդամ Հայաստանն ընտրվել է 2021-2025 թթ. ժամանակահատվածի համար: 

 

Համատեղ նախաձեռնությունների շարքում զրուցակիցները գոհունակությամբ նշել են այս օրերին Երևանում անցկացվող ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային համաժողովը: Իր խոսքում Զուրաբ Պոլոլիկաշվիլիին նշել է. «Մենք սկսել ենք Վրաստանից, այնուհետև՝ Չիլի, Արգենտինա, Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիա, իսկ այժմ՝ Հայաստան. մենք Հայաստանն ավելացնում ենք գինու տուրիզմի քարտեզի վրա»:

 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում կայունության ու զարգացման ապահովման կարևորությանը և այդ համատեքստում տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, դրանց ցանցի ավելացման առանցքային դերին: 

 

Նշենք, որ ՄԱԿ գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովն այս տարի անցկացվում է սեպտեմբերի 11-13-ը Հայաստանում