Երեքշաբթի, 12 Նոյեմբերի 2024 13:04
Ալեքսանդր Ավանեսով

Ֆինանսների նախարար. Աշխատատեղերին առնչվող իրավիճակը չի կարելի գնահատել ըստ եռամսյակի, դրա համար կան տարեկան ցուցանիշներ

Ֆինանսների նախարար. Աշխատատեղերին առնչվող իրավիճակը չի կարելի գնահատել ըստ եռամսյակի, դրա համար կան տարեկան ցուցանիշներ

Արմինֆո. Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քաղաքականության արդյունքում երկրում դիտվում է ստեղծված և կրճատված աշխատատեղերի միջև բացասական սալդո: Այդ մասին նոյեմբերի 12-ին ԱԺ-ում տեղի ունեցած լսումների ժամանակ հայտարարել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

 

Նա, մասնավորապես, ներկայացրել է պաշտոնական տվյալներ, որոնց համաձայն, ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում ստեղծվել է 15 700 նոր աշխատատեղ, իսկ կրճատվածները՝ 16 900 են: Ընդ որում, մասնավոր հատվածում ստեղծվել է 12 300 աշխատատեղ, իսկ կրճատվել՝ 12 700-ը։ "Դուք խոսում եք նոր ստեղծված աշխատատեղերի մասին, բայց մենք տեսնում ենք, որ, առնվազն, երկրորդ եռամսյակի օրինակով դրանք կրճատվում են", - ասել է պատգամավորը՝ դիմելով ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին:

 

Ներկայացնելով պետբյուջեի նախագիծը՝ նախարարը կարևորել է արտագաղթի հետ կապված պատմության անիվը հետ շրջելը։ Այդ առնչությամբ Խաչատրյանը նշել է, որ այստեղ ևս բացասական սալդո է դիտվում՝ 20 366 մարդ։

 

Ի պատասխան՝ նախարարը հորդորել է չառաջնորդվել եռամսյակային ցուցանիշներով, ինչը, ըստ նրա, սխալ է, քանի որ առաջին եռամսյակում, որպես կանոն, աշխատատեղերի թիվը նվազում է, որից հետո՝ ավելանում: Նա ընդգծել է, որ աշխատատեղերին առնչվող իրավիճակը պետք է գնահատել տարեկան կտրվածքով։