Հինգշաբթի, 14 Նոյեմբերի 2024 16:34
Ալինա Հովհաննիսյան

Ասիական զարգացման բանկն ուսումնասիրում է Գյումրիում հատուկ տնտեսական գոտի ստեղծելու հնարավորությունները

Ասիական զարգացման բանկն ուսումնասիրում է Գյումրիում հատուկ տնտեսական գոտի ստեղծելու հնարավորությունները

Արմինֆո. Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) ուսումնասիրում է Գյումրիում հատուկ տնտեսական գոտի ստեղծելու հնարավորությունները: Այդ մասին հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով ԱԶԲ պատվիրակության այցը Գյումրի:

Մասնավորապես, Ասիական զարգացման բանկի թիմն ուսումնասիրել է նորմատիվ-իրավական բազան, բացահայտել ընթացիկ հայեցակարգային նախագծում առկա բացերը, գնահատել ներդրումային հնարավորություններն ու ենթակառուցվածքային կարիքները: Այս աշխատանքներում ԱԶԲ-ն համագործակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Գյումրու քաղաքապետարանի, մասնավոր հատվածի և գործող ազատ տնտեսական գոտիների ներկայացուցիչների հետ:

"Կողմերը քննարկել են Գյումրիի ներուժը՝ որպես հատուկ տնտեսական գոտի, դիտարկել են հարկային արտոնությունների հնարավորությունները, ենթակառուցվածքի զարգացման պահանջները եւ լոգիստիկ ծառայությունների դերը տարածաշրջանային առեւտրի զարգացման գործում", - ասվում է աղբյուրում:

Նշենք, որ ԱԶԲ-ը Հայաստանի հետ աշխատում է 2005 թվականից։ 2024 թվականի ապրիլի դրությամբ բանկը Հայաստանում իրականացրել է 1.9 մլրդ դոլարի բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են եղել տրանսպորտային, ֆինանսական, էներգետիկ, ջրային ոլորտների և այլ ենթակառուցվածքների զարգացմանը:

Բանկի ապրիլյան կանխատեսման համաձայն,  2024 թվականին Հայաստանում սպասվում է 5,7% տնտեսական աճ՝ 2025 թվականին տեմպերի արագացմամբ մինչև 6%: