Հինգշաբթի, 9 Հունվարի 2025 12:44
Նաիրա Բադալյան

Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին 10,1 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի Երևանում էներգաարդյունավետության ծրագրի համար

Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին 10,1 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի Երևանում էներգաարդյունավետության ծրագրի համար

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Կառավարության հաղորդագրության համաձայն, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 38 մլն եվրո, որը ֆինանսավորվելու է հետևյալ աղբյուրներից` ԵՆԲ կողմից տրամադրված վարկ՝ 25 մլն եվրո, Եվրոպական միության «Հարևանության ներդրումային հարթակ»-ի կողմից տրամադրվող ֆինանսական միջոցներ, որից ներդրումային դրամաշնորհ՝ 10.1 մլն եվրո, տեխնիկական աջակցություն՝ 650 հազար եվրո, այլ ծախսեր՝ 250 հազար եվրո, Երևանի քաղաքապետարանի սեփական միջոցներ` 2 մլն եվրո: Ծրագրի իրականացման նպատակն է Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրային շենքերում, մասնավորապես մանկապարտեզներում և պոլիկլինիկաներում իրականացնել էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացմանն ուղղված աշխատանքներ, որոնց արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել 38 հասարակական շենքերի (6 պոլիկլինիկա և 32 մանկապարտեզ) էներգիայի սպառումը մոտ 65%-ով, նվազագույնը 20 տարով ավելացնել շենքերի շահագործման ժամկետը, նվազեցնել CO2 արտանետումները մթնոլորտ: