
Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հունվարի 22-ին ընդունել է ոսկեգործության ոլորտում գործող մի շարք ՓՄՁ-ների ներկայացուցիչների։
Քննարկման հիմնական թեման հունվարի 1-ից իրենց կողմից վճարման ենթակա շրջանառության հարկի բարձրացումն էր, որի արդյունքում այն 5 տոկոսից դարձել է 10 տոկոս:
Էդգար Զաքարյանը պատասխանել է գործարարներին հուզող հարցերին, պարզաբանումներ տվել բարձրացված հարցերի շուրջ։
Անդրադարձ է կատարվել ոսկերչության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը, պետական աջակցության գործիքակազմին, ոլորտում գործող հարկային դաշտի բարելավման հնարավորություններին։
Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ նախարարի տեղակալն առաջարկել է հանդիպման մասնակիցներին հավաքագրել բոլոր հնչեցված ոլորտային խնդրահարույց կետերի մասով առաջարկները և ներկայացնել նախարարություն՝ գործող օրենսդրական կարգավորումները լավարկելու նպատակով։
Նշենք, որ ոսկերչական արտադրության ծավալները 2024 թվականի հունվար-նոյեմբերին նվազել են 34,9% - ով՝ մինչեւ 48,1 մլրդ դրամ (122,5 մլն դոլար)։ Մինչդեռ, ամբողջ 2023 թվականին արձանագրվել էր 4,9 անգամ աճ ՝ մինչև 230,9 մլրդ դրամ, 2022 թվականին՝ 51,8% աճ՝ մինչև 42 մլրդ դրամ։