
Արմինֆո. Հայաստանի տնտեսության աճի տեմպերը 2025 թվականին ավելի ցածր կլինեն երկրի կառավարության ծրագրած ցուցանիշից։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է տնտեսագետ Աղասի Թավադյանը:
Նրա խոսքով՝ ներկայումս կան տնտեսության աճի հնարավորություններ, սակայն մի շարք ռիսկերի առկայությունը հարցականի տակ է դնում իրադարձությունների նման զարգացումը: Դեռևս 2024 թվականին ՀՀ կառավարությունը ծրագրել էր ՀՆԱ-ի 7% աճ, սակայն տարվա ընթացքում սկսեց նկատվել կանխատեսվող ցուցանիշի նվազման միտում, ինչը ստիպեց կառավարությանը աշնան վերջին վերանայել իր իսկ տվյալները՝ ՀՆԱ-ի աճը նվազեցնելով մինչեւ 5,5%։
Դրանով իսկ, ինչպես նշել է Թավադյանը, կառավարությունը հաշվի է առել ի հայտ եկած նոր ռիսկերը։ Առաջին հերթին, խոսքը գնում է արտաքին առևտրաշրջանառության զգալի կրճատման մասին։ Մինչդեռ, հենց ապրանքաշրջանառության աճն է ցանկացած պետության տնտեսության աճի ակնհայտ ցուցանիշը։ Անցյալ տարի ապրանքաշրջանառության 50% աճը (2023 թվականին արտահանման ծավալները կազմել են շուրջ 8 մլրդ դոլար, 2024 թվականին ՝ 13 մլրդ դոլար) մեծապես պայմանավորված էր Ռուսաստանից Հայաստանի տարածքով դեպի Հոնկոնգ, մայրցամաքային Չինաստան և Արաբական Միացյալ Էմիրություններ ոսկու և թանկարժեք մետաղների վերաարտահանմամբ։ 2024 թվականին Հայաստանի ողջ ապրանքաշրջանառության 63%-ը բաժին է ընկել հենց այդ ոլորտին։ Բոլորի համար հասկանալի էր,ինչպես նշել է Թավադյանը, որ տվյալ դեպքում խոսքը կարճաժամկետ երեւույթի մասին էր, երբ վերաարտահանման հիմնական ծավալը բաժին էր ընկել 2024 թվականի ապրիլ - մայիս ամիսներին։
Ներկայումս, ինչպես նշել է տնտեսագետը, ապրանքների վերաարտահանման ծավալների նվազեցման գործընթաց է գնում։ Եթե ուշադրություն դարձնենք ապրանքների այն ավանդական խմբին, որը երկրից արտահանվում է ավանդական ուղղություններով, ապա չի կարելի ուշադրություն չդարձնել այն փաստին, որ դեպի Ռուսաստան արտահանումը կրճատվել է 11%-ով, իսկ դեպի Եվրոպա՝ 14%-ով։ Չհաշված թանկարժեք մետաղների և ոսկու վերաարտահանման գործոնը՝ 2024 թվականի դեկտեմբեր - 2025 թվականի հունվար ամիսներին 2023-2024 թվականների նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից արտահանումը կրճատվել է երկու անգամ։ Այս հաշվարկները ցույց են տալիս, որ ընթացիկ տարում արտահանման ծավալները կկազմեն ոչ ավելի, քան 9 մլրդ դոլար, ինչը չի կարող չանդրադառնալ ՀՆԱ-ի աճի տեմպերի ցուցանիշների վրա։ Իսկ դա, իր հերթին, 2025 թվականին կհանգեցնի հարկային հավաքագրումների կրճատմանը և երկրի պետական պարտքի աճին։ Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպը չի գերազանցի 5%-ը։
Պատասխանելով ռուս-ամերիկյան հարաբերությունների որոշակի բարելավման և ՌԴ-ի նկատմամբ որոշ պատժամիջոցների չեղարկման հնարավորությանն առնչվող եւս մեկ ռիսկի մասին հարցին, որը կարող է հանգեցնել ռուսական շուկա արևմտյան արտադրության մի շարք ապրանքների վերադարձին, տնտեսագետը նշել է, որ ժամանակին արևմտյան երկրների կողմից Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը ամենաբարենպաստ ձևով անդրադարձել Հայաստանի տնտեսության վրա, որը Եվրասիական տնտեսական միության երկրներից ամենաշատն է շահել այդ պատժամիջոցներից: Թավադյանը հիշեցրել է, որ երկրի տնտեսության ավելի քան էական աճը, հիմնականում, պայմանավորված էր ռուսական շուկա հայկական ապրանքների արտահանման զգալի աճով: Միաժամանակ, դիտվել է նաև հակառակ գործընթաց՝ կապված ռուսական կապիտալի, ինչպես նաև մարդկային ռեսուրսների Հայաստան արտահոսքի հետ ։ Դա հատկապես դրսեւորվել է բանկային ոլորտում և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ 2022 թվականին Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է 12,6 տոկոս, որի կեսը բաժին է ընկնում վերոնշյալ ոլորտներին։ Միայն Հայաստանի բանկային ոլորտում նույն տարում գրանցվել է գրեթե եռակի աճ։ Բոլորի համար հասկանալի է, ինչպես նշել է Թավադյանը, որ դա պայմանավորված էր Ռուսաստանի Դաշնությունից կապիտալի արտահոսքով։ Նույնը վերաբերում է ՏՏ ոլորտին, ապրանքաշրջանառության աճին և այլն: 2022 թվականից, երբ ՌԴ-ում կապիտալի շուկան փոքր-ինչ սահմանափակ էր, ֆինանսական միջոցների մեծ հոսքը Ռուսաստանից ուղղվեց դեպի ԵԱՏՄ երկրներ, հիմնականում՝ Հայաստան: "Այս ֆոնին Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր չեղարկումը կհանգեցնի Հայաստանի տնտեսության համար բացասական հետևանքների, քանի որ արևմտյան երկրները կսկսեն վերադառնալ ուղիղ ռուսական շուկա, այլ ոչ թե՝ շրջանցելով այն", - եզրափակել է տնտեսագետը:
Հիշեցնենք, որ Եվրասիական զարգացման բանկի կանխատեսումների համաձայն, 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպը կկազմի 5,5 տոկոս: Հայաստանի տնտեսական աճը 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված է 5.1%-ի չափով: ԱՄՀ-ը և ՀԲ-ը կանխատեսում են ՀՆԱ-ի աճի տեմպերի հետագա դանդաղում 2025 թվականին՝ մինչև, համապատասխանաբար, 4,9% և 5%: Իսկ ԿԲ-ը 2025 թվականի համար կանխատեսում է կամ ՀՆԱ-ի աճի տեմպերի արագացում մինչև 7,1 տոկոս, կամ դանդաղում մինչև 4,8 տոկոս՝ կախված գնաճի հետագծից։