Չորեքշաբթի, 5 Մարտի 2025 13:20

Web3 Armenia հիմնադրամ. Կենտրոնական բանկը կրիպտոոլորտի մասին օրինագծով սպասարկում է այլ կառույցների շահեր և՝ ոչ բնավ Հայաստանի Հանրապետության

Web3 Armenia հիմնադրամ. Կենտրոնական բանկը կրիպտոոլորտի մասին օրինագծով սպասարկում է այլ կառույցների շահեր և՝ ոչ բնավ Հայաստանի Հանրապետության

Արմինֆո. Web3 Armenia  շահույթ չհետապնդող հիմնադրամը հանդես է եկել կոչով՝ կրիպտո ոլորտի կառավարության վավերացրած օրենքի նախագծի վերաբերյալ։

 

Web3 Armenia  հիմնադրամի տարածած հաղորդագրությունում ներկայացվում է կոչի ամբողջական տեքստը։

«Կոչ ՀՀ ԱԺ խմբակցություններին դեմ քվեարկել կրիպտո ոլորտի կառավարության վավերացրած օրենքի նախագծին  

 

ՀՀ Կառավարությունն ականջալուր չեղավ Հայաստանում կրիպտո համայնքի զգուշացնումներին և ընդունեց Կենտրոնական բանկի առաջարկած ոլորտային կարգավորումների օրենքը։ Մեր խորը հիասթափությունն ենք հայտնում այս առիթով` հաշվի առնելով, թե ինչ հետևողականությամբ ենք փորձել մեր ձայնը տեղ հասցնել որոշում կայացնողներին։

 

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Կենտրոնական բանկը սպասարկում է այլ կառույցների շահեր և ոչ բնավ Հայաստանի Հանրապետության։ 

 

Եթե օրենքն այս տեսքով ընդունվի, ապա՝

- Կտուժի Հայաստանի թվային ինքնիշխանությունը։

- Հայաստանը կկորցնի իր խոստումնալից դիրքերը դարի տեխնոլոգիա համարվող բլոկչեյնի շուկայում։

- Բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառմամբ նորարարության հնարավորությունները կչքանան։

- Քաղաքացիներն ունենալու են կորուստներ՝ ի օգուտ բանկերի։

- Ներդրողները կլքեն Հայաստանը, իսկ նոր միջազգային ներդրումներ չեն գրանցվի։

 

Կոչ ենք անում ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններին դեմ քվեարկել օրենքի նախագծին և նկատի ունենալ առաջին հերթին մեր պետության և քաղաքացիների շահը։ Գնդակը ձեր դաշտում է, կայացրեք պետականանպաստ որոշում։ 

 

Պատրաստ ենք ցանկացած խմբակցության և պատգամավորի անվճար մասնագիտական խորհրդատվություն տրամադրել այս թեմայով»։

 

Պարզաբանենք, որ Web3  (Web3 Armenia Foundation) հիմնադրամն անկախ վերլուծական կենտրոն է, որը միավորում է Web3-ի ռահվիրաներին, էնտուզիաստներին, ստարտափներին, ծրագրավորողներին և տեխնոլոգներին ։ Հիմնադրամի հարթակն ընդլայնում է հնարավորությունները գիտելիքների փոխանակման, կապերի հաստատման և web3 տեխնոլոգիաների միջոցով համագործակցության միջոցով: Առաջնային ուղղություններն են.  ներդրողների ներգրավում, գործընկերային հարաբերությունների զարգացում և Web3 հայկական տաղանդների ցուցադրում:  

 

Web3-ը հաջորդ սերնդի Ինտերնետի հայեցակարգ է՝ հիմնված բլոկչեյնի վրա, ինչը թույլ է տալիս հասնել ապակենտրոնացման: Web3 - ի և Web2.0-ի հիմնական տարբերությունը ապակենտրոնացումն է, երբ օգտատերերն իրենք են տիրապետում և վերահսկում տարբեր ինտերնետային ռեսուրսներ, այլ ոչ թե դիմում են վիթխարի մենաշնորհների ծառայություններին: Տերմինն ի սկզբանե ստեղծվել է Ethereum-ի համասեփականատեր Գևին Վուդի կողմից՝ 2014 թվականին, և, 2021 թվականից սկսած,  գաղափարը գնալով ավելի տարածված է դարձել կրիպտոարժույթի էնտուզիաստների, խոշոր տեխնոլոգիական կորպորացիաների և վենչուրային կապիտալի ընկերությունների շրջանում: