Երկուշաբթի, 28 Ապրիլի 2025 14:29
Ալինա Հովհաննիսյան

Հայկական առաջին «Հայասաթ-1» արբանյակն ավարտել է իր առաքելությունը

Հայկական առաջին «Հայասաթ-1» արբանյակն ավարտել է իր առաքելությունը

Արմինֆո. 2025 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ-1»-ը՝ մշակված Բազումքի և Գիտական նորարարության և կրթության կենտրոնի կողմից, վերջին անգամ հատել է Կարմանի գիծը (տիեզերքի պայմանական սահմանը) և ավարտել իր առաքելությունը։  Այդ մասին ասվում է լաբորատորիայի ֆեյսբուքյան էջում զետեղված պաշտոնական հաղորդագրությունում։

 

«Մենք խորապես հպարտ ենք “Հայասաթ-1”-ով և շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր աջակցել են այս պատմական առաքելությանը։ Սա միայն սկիզբն է։

 

Արձակումից ի վեր, մթնոլորտային դիմադրության պատճառով, մեր արբանյակի, ինչպես և Երկրին մոտ պտտվող բոլոր արբանյակների ուղեծրերի բնականոն իջնելը տեղի է ունեցել սպասվածից ավելի արագ՝ այս տարիներին ռեկորդային արեգակնային ակտիվության պատճառով, ինչը առավել տաքացրել է մթնոլորտը, փքել այն և մեծացրել դիմադրությունը։

 

Այդուհանդերձ, «Հայասաթ-1»-ը կատարեց իր առաքելությունը և տվեց մեզ անհրաժեշտ արժեքավոր տեղեկություներն ու փորձը, ինչը մեզ թույլ կտա շարժվել առաջ` դեպի ավելի մեծ և ավելի հավակնոտ նպատակներ։ Շնորհակալ ենք ողջ Հայասաթ թիմին` այս պատմական առաքելությունն իրականություն դարձնելու համար», - նշվում է հաղորդագրությունում։

 

Նշենք, որ հայկական ԶԼՄ-ներում տարածվել էր տեղեկատվություն այն մասին, որ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ է հարուցել " Հայասաթ-1" նախագծի շրջանակում կատարված չարաշահումների փաստով: Ճիշտ է, պրոֆիլային գերատեսչության նախարարը չի հաստատել այդ տեղեկությունը, այլ հայտարարել է, որ արբանյակն աշխատում է նորմալ ռեժիմով, եւ քրեական գործ հարուցելու մասին որեւէ տեղեկություն չունի։ Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի 25-ին հայկական առաջին արբանյակը հաջողությամբ արձակվել էր Կանավերալ հրվանդանից դեպի մերձերկրային ուղեծիր։ Արձակումը կազմակերպել էր իսպանական SATLANTIS ընկերությունը։ Հունիսի 6-ին SATLANTIS-ը հայտարարել էր Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դուստր ընկերության՝ "Գեոկոսմոս"-ի հետ Երկրի դիտարկման համակարգի  մատակարարման պայմանագիր կնքելու մասին: