Արմինֆո. Հայաստանում 2025թ. առաջին կիսամյակում օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարվել է անշարժ գույքի առքուվաճառքի 1 820 գործարք, ինչը 4,7% - ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից։ Ընդ որում, գործարքների ընդհանուր թվում օտարերկրացիներին բաժին է ընկնում 6,8% - ը (մեկ տարի առաջվա 6,4% - ի դիմաց): Այդ մասին են վկայում ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները։
Կադաստրի տվյալներով՝ Հայաստանում անշարժ գույք վաճառող օտարերկրացիների թիվը գերազանցում է գնողների թվին։ Առաջին կիսամյակում կատարվել է անշարժ գույքի վաճառքի 1000 գործարք, 773՝ առքի, 47՝ վաճառքի։
Արդյունքում՝ այս տարվա առաջին կիսամյակում օտարերկրացիների կողմից գնվել է անշարժ գույքի 820 օբյեկտ, իսկ վաճառվել՝ 1 047:
Ընդ որում, օտարերկրացիների կողմից գնված անշարժ գույքի առյուծի բաժինը պատկանում է բնակարաններին՝ 52,9%, որին հաջորդում են ավտոտնակները՝ 14,1%, հողամասերը՝ 13,9%, առանձնատները՝ 13,3%, հասարակական նշանակության շենքերը՝ 5%, իսկ ամենացածր տոկոսը բաժին է ընկնում արտադրական նշանակության շենքերի գնմանը՝ 0,7%:
Վաճառքի դեպքում հիմնական տեսակարար կշիռը բաժին է ընկնում հողին առնչվող գործարքներին՝ 36,6%, ապա մի փոքր տարբերությամբ հաջորդում են բնակարանները՝ 33,5% եւ առանձնատները՝ 23,5%. Փոքր մասը բաժին է ընկնում ավտոտնակների վաճառքին՝ 3,5%, հասարակական նշանակության շենքերին՝ 2,2%, եւ արտադրական նշանակության շենքերին՝ 0,7%:
Հայաստանում անշարժ գույք առավել ակտիվ են գնում և վաճառում ՌԴ, ԱՄՆ, Իրանի, Սիրիայի, եվրոպական եւ ԱՊՀ մի շարք երկրների քաղաքացիները: