Արմինֆո. ՀՀ կադաստրի կոմիտեի տեղեկատվական բազան հասանելի կդառնա, որպեսզի անշարժ գույքի հետ կապված գործարքներ կատարելիս հնարավոր լինի տեղեկատվություն ստանալ առցանց ռեժիմով: "Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման մասին" եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 3-ի նիստում:
Նախագիծը ներկայացնելիս Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը հիշեցրել է, որ ընդունված իրավական նորմերի համաձայն, ՀՀ-ում անշարժ գույքի գրավադրման գործընթացը պետք է ամբողջությամբ թվայնացվի: Այս նորմը գործում է արդեն գրեթե մեկ տարի, սակայն դատական մարմիններին վերաբերող բաժնում բաց կար։
Ըստ նախագծի՝ ցանկացած գույքի, անշարժ գույքի կամ հայցի վերաբերյալ դատական մարմինների որոշումները նույնպես պետք է ներկայացվեն Կադաստրի կոմիտեում ներդրված համակարգին, քանի դեռ դատական մարմինները նույնպես չունեն իրենց թվային համակարգերը:
"Ստեղծելու ենք Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեղեկատվական բազաների ժամանակավոր վարման հնարավորություն, և քաղաքացիներին ըստ դիմումի տեղեկատվություն տրամադրելու յուրաքանչյուր դեպքում հնարավորություն ենք ունենալու այդ պահին հասանելի բոլոր տեղեկատվական խողովակներով ստացված որոշումները արտացոլել միասնական տեղեկատվական նյութերում կամ այլ տեղեկատվական ռեգիստրներում", - նշել է Սուրեն Թովմասյանը:
Նախատեսվում է, որ օրինագիծը կապահովի սույն որոշմամբ ներդրվող էլեկտրոնային համակարգի լիարժեք կիրառելիությունը, ինչպես նաև թույլ կտա անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումների կիրառման կամ վերացման վերաբերյալ դատարանների ակտերը Անշարժ գույքի պետական գրանցամատյան մտցնել էլեկտրոնային եղանակով:
Նախաձեռնությունը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: