Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025 13:20
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորությունները

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորությունները

Արմինֆո. Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանն ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յուտակա Աօկիին (Mr. Yutaka Aoki) և նրա գլխավորած պատվիրակությանը։

 

Հանդիպումը կայացել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Ճապոնիայի Բիզնես Ասոցիացիայի (ROTOBO) արդյունավետ համագործակցության շրջանակում, որի արդյունքում Հայաստանը հոկտեմբերի 28-31-ը «Business Matching» ծրագրի շրջանակում հյուրընկալում է Ճապոնիայից ժամանած պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցել են նաև Ճապոնիայի դեսպանության տնտեսական համագործակցության հարցերով խորհրդականը, ինչպես նաև ճապոնացի գինու ոլորտի առաջատար մասնագետներ և ներդրողներ՝ ներառյալ ճանաչված սոմելիե և գինու դասախոս Կումի Յոշիզումին, ով հետաքրքրված է Հայաստանի գինու բազմադարյա մշակույթով և տարբերվող գինիներով։

 

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հաղորդագրության համաձայն, քննարկվել են հայ-ճապոնական առևտրային կապերի խորացման ուղիները և Ճապոնիան որպես հայկական արտադրանքի, հատկապես՝ գինու արտահանման համար աճող և հեռանկարային շուկա դիտարկելու հնարավորությունները։

 

Անդրադարձ է կատարվել նաև Ճապոնիայում անցկացվող խմիչքների և սննդի միջազգային ցուցահանդեսներին Հայաստանի մասնակցությանը։ Հատկապես ընդգծվել է FOODEX Japan 2025 ցուցահանդեսը, որին Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում 10 առաջատար գինեգործական ընկերություններով։ Ցուցահանդեսից հետո նկատվում է աճող հետաքրքրություն թե՛ հայ արտադրողների, թե՛ ճապոնացի գնորդների և սպառողների շրջանում։

 

Նշենք, որ ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանի և Ճապոնիայի միջև առևտրաշրջանառությունը 2025թ. հունվար-օգոստոսին աճել է 18% - ով՝ կազմելով 94.5 մլն դոլար: Մասնավորապես, արտահանումն աճել է 2.6 անգամ՝ մինչև 15.4 մլն դոլար՝ ներմուծման 6.7% աճի ֆոնին՝ մինչև 79.1 մլն դոլար:

 

ՀՀ մաքսային ծառայության տվյալների համաձայն, 2024 թվականին Հայաստանը Ճապոնիա է արտահանել ընդամենը 43.5 լիտր գինի, մինչդեռ, 2023 թվականին լիտրաժը կազմել էր 3.5 հազար լիտր։