
Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել 2025 թ. հոկտեմբերի 30-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:
Կառավարության հաղորդագրության համաձայն, ծրագրի նպատակն է զարգացնել կայուն, դիմացկուն և ներառական բնակարանային համակարգ Հայաստանում՝ աջակցելով փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը և բարեկեցությանը։
Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի (GCFF) կողմից տրամադրվող դրամաշնորհային միջոցները կազմում են 16,450,000 ԱՄՆ դոլար, որն ուղղված է լինելու 250 մլն դոլարի վարկային ծրագրի համաֆինանսավորմանը։ Ծրագիրը նպատակաուղղված է բնակարանային քաղաքականության երկարաժամկետ զարգացմանը և դրա իրականացման գործընթացների կատարելագործմանը։ Նախատեսվող ֆինանսավորումը կիրականացվի փուլ առ փուլ՝ սահմանված ցուցիչների և դրանց համապատասխան արդյունքների կատարմամբ։ «THRIVE» ծրագրի շրջանակում նախատեսվում է ապահովել շուրջ 109,000 էթնիկ հայ փախստականների համար երկարաժամկետ բնակարանային լուծումներ: