
Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 2-ին ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ենթակառուցվածքների գծով տարածաշրջանային տնօրեն Չարլզ Կորմիերի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և դրա տնտեսական ներուժը։ Նախարար Պապոյանը կարևորել է Համաշխարհային բանկի դերը տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը խթանող ծրագրերի իրականացման գործում։
Քննարկվել է նաև 2026 թվականին նախատեսվող «Խաղաղության խաչմերուկ» ներդրումային գագաթաժողովին Համաշխարհային բանկի մասնակցության կարևորությունը։ Նախարարը հրավիրել է Չարլզ Կորմիերին մասնակցելու գագաթաժողովին և խնդրել հրավերը փոխանցել նաև Համաշխարհային բանկի նախագահին։
Անդրադարձ է կատարվել նաև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների զարգացման» (TRIP) ծրագրին, որը միտված է տեղական համայնքների զարգացմանը և Հայաստանի դիրքերի ամրապնդմանը՝ որպես գրավիչ և մրցունակ զբոսաշրջային ուղղություն։
Կողմերը կարևորել են համատեղ աշխատանքի և արդյունավետ համագործակցության շարունակականությունը՝ ձեռք բերելով փոխըմբռնում հետագա քայլերի շուրջ։
Հիշեցնենք, որ TRIP ծրագիրը նպատակ ունի զարգացնել 7 զբոսաշրջային կլաստերներ Գորիսում, Արենիում, Ջերմուկում, Եղեգիսում, Դվինում, Գյումրիում և Դիլիջանում ՝ նպատակ ունենալով խթանել գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոտուրիզմի զարգացումը մարզերում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 120,5 մլն եվրո ։ Նշենք, որ Համաշխարհային բանկը (ՀԲ) կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ աճի դանդաղում 2026-2027թթ.-ին՝ մինչև 4,9 - 4,7% ՝ 2025թ. - ի գնահատված 5,2% - ից (2024թ. աճի 8,3%-ից մինչև 5,9% արգելակումից հետո - խմբ.):