
Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) առաջարկել է փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում, որով կկարգավորվեն ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) և շահութահարկի վճարումների մասով բիզնեսի մոտ ծագող հարցերը:
Ինչպես հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, օրինագիծը նպատակ ունի հեշտացնել բիզնեսի «կյանքը»։ Այսօր "բաց" շատ հարցեր կգտնեն այս նախաձեռնության իրենց լուծումը, մնացածը կլուծվեն մշակվող նոր հարկային հայեցակարգի շրջանակներում, հստակեցրել է գլխավոր հարկայինը
Կառավարության հաղորդագրության համաձայն, գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունումը պայմանավորված է ՀՀ հարկային օրենսգրքի կիրառման ընթացքում առաջացած հարցերի կանոնակարգման և հստակեցման, առանձին իրավական նորմերի վերանայման, դրանցում բովանդակային, խմբագրական փոփոխություններ կամ լրացումներ կատարելու և նոր կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությամբ:
Նախագծով առաջարկվում է վերանայել արտարժույթով արտահայտված գործարքների և գործառնությունների հաշվառման կանոնները, ինչպես նաև սահմանել կարգավորումներ արտարժույթով արտահայտված որոշ գործարքների և գործառնությունների հաշվառման մասով: Ըստ այդմ՝ նախատեսվում է կանոնակարգել ապրանքի վերադարձի դեպքում գործարքի ճշգրտման հետ կապված հարցերը և գործարքի ճշգրտման հնարավորություն նախատեսել ապրանքի վերադարձի այն բոլոր դեպքերի համար, երբ գործարքի առարկա հանդիսացող ապրանքը ենթակա է վերադարձման: Բացի այդ, առաջարկվում է կանոնակարգել հարկային հաշիվներից բացի այլ հաշվարկային փաստաթղթերով (այդ թվում` ՀԴՄ կտրոններով) ձեռքբերումների վերադարձի մասով գործարքների ճշգրտման դեպքում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գծով պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը համապատասխան հաշվետու ժամանակաշրջանում արտացոլելու հետ կապված հարցերը` նախատեսելով, որ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գծով ճշգրտումները արտացոլվում են ճշգրտման ժամանակաշրջանի համար ներկայացվող միասնական հաշվարկում, բացառությամբ՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարների ավելացման դեպքերի, որոնք պետք է արտացոլվեն մատակարարումների օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի միասնական հաշվարկում: Նախատեսվում է հստակեցնել գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող հարկ վճարողների կողմից մինչև ԱԱՀ շեմը (115 մլն դրամ) գերազանցելը իրականացվող ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների (ապրանքների մատակարարում, ծառայությունների մատուցում, աշխատանքների կատարում) մասով ԱԱՀ-ի պարտավորությունների կատարմանը վերաբերող հարցերը:
Օրինագծով նախատեսվում է հստակեցնել ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման կանոնի և ԱԱՀ-ից ազատման արտոնությունների հետ կապված հարցերը։ Մասնավորապես՝ պետական տուրքի մասով ԱԱՀ-ից ազատման արտոնության կիրառման հետ կապված առաջարկվում է սահմանել, որ բացի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, այլ հարկ վճարողների կողմից մատուցվող ծառայությունների մասով, որի համար գանձվում է պետական տուրք կամ տեղական տուրք, ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կիրառել նաև այդ պետական տուրքի կամ տեղական տուրքի գումարների մասով: Նախատեսվում է ԱԱՀ-ից ազատման արտոնություն կիրառել նաև համայնքներին նվիրատվությամբ ապրանքների մատակարարման մասով (ներկայումս ԱԱՀ-ից ազատվում է միայն պետությանը նվիրատվությունը, իսկ համայնքների նվիրատվության դեպքում ԱԱՀ-ից չի ազատվում և ՀՀ կառավարության որոշմամբ հարկման բազան 0 դրամ է):
Վերանայվել և հստակեցվել են օրենսգրքով սահմանված՝ դրամարկղային մեթոդով ոչ ռեզիդենտ կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց եկամուտների հաշվառման կարգավորումները: Վերանայվել են դրոշմավորման ենթակա կաթնամթերքի գծով որակական կորուստների՝ համախառն եկամտից նվազեցման նորման՝ սահմանելով, որ նշված կորուստը համախառն եկամտից ենթակա է նվազեցման համախառն եկամտի 2%-ը չգերազանցող չափով:
Անդրադառնալով օրինագծին՝ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ բոլոր փոփոխությունները հարկ վճարողների համար հարկային հաշվառումն ավելի պարզեցնելու և հնարավոր սխալներից խուսափելու նպատակ ունեն: Այդ համատեքստում փոխվարչապետն ընդգծել է ՊԵԿ-ի կողմից կառավարվող հարթակների զարգացման ապահովումը, որ բոլոր փոփոխությունները ինքնաշխատ եղանակով արտացոլվեն նաև հարկ վճարողների հարկային հաշվետվություններում: Տիգրան Խաչատրյանը հետաքրքրվել է՝ ՊԵԿ-ը նախատեսո՞ւմ է թվային հարթակների այնպիսի կարգավորումներ, որ հաշվարկը լրացվի ինքնաբերաբար։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ բոլոր փոփոխությունների մեծ մասի համար թվային հարթակներն արդեն պատրաստ են. «Այսինքն՝ այս փոփոխությունները ավտոմատ հնարավոր կլինի մեր գործող թվային հարթակներում կատարել: Կարելի է ասել, որ 95%-ը ունենք, իսկ 5%-ի համար համակարգում տեխնիկական փոփոխություններ անելու անհրաժեշտություն կա, որը շատ արագ, կարճ ժամանակահատվածում կիրագործենք»: