
Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) գործադիր տնօրեն Անդրեյ Շիրոկովին:
Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, ողջունելով հյուրին, փոխվարչապետը կարևորել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը՝ ընդգծելով դրանց դերը Կառավարության կողմից սահմանված բարեփոխումների իրականացման շրջանակներում:
Հանդիպման ընթացքում երկուստեք ողջունվել է ՀՀ Կառավարության և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջև Հայաստանի Հանրապետության տարածքում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գտնվելու պայմանների մասին համաձայնագրի ստորագրումը, որի արդյունքում Հայաստանում կտեղակայվի Հիմնադրամի պաշտոնական գրասենյակը:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի և ՀՀ կառավարության միջև "Հայաստանի Հանրապետության տարածքում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի տեղակայման պայմանների մասին" համաձայնագրին: Հիմնավորման մեջ ասվում է, որ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի կողմից "Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ստեղծման մասին" 2009 թվականի հունիսի 9-ի պայմանագրի հիման վրա: ԿԶԵՀ-ի նպատակներն են նպաստել հիմնադրամի անդամ պետություններում տնտեսական և ֆինանսական կայունությանը, ինչպես նաև աջակցել դրանց կայուն զարգացմանը: Փաստաթուղթը ստորագրվել է Հայաստանի ֆինանսների նախարարությունում՝ փետրվարի 5-ին։
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (8,58 մլրդ ԱՄՆ դոլար ծավալով) 2009 թվականից ֆինանսական աջակցություն է տրամադրում Հայաստանին, որը նրա հիմնադիրներից մեկն է: Հիմնադրամը տրամադրում է վարկեր, դրամաշնորհներ և տեխնիկական աջակցություն ենթակառուցվածքների արդիականացման, այդ թվում ՝ "Հյուսիս - Հարավ" ծրագրի, և տնտեսության ամրապնդմանն ուղղված տնտեսական բարեփոխումներին աջակցության համար: