
Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Credit Agricole կորպորատիվ և ներդրումային բանկի (Credit Agricole CIB) ներկայացուցիչներ Սեդրիկ Հեյսին և Բենուա Դոլֆուսին։
Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակը և պետական պարտքի կառավարման քաղաքականության հիմնական սկզբունքները։ Նա նաև ներկայացրել է ՀՀ ֆինանսական համակարգի կայունության և կանխատեսելիության ապահովմանն ուղղված միջոցառումները, որոնք միտված են երկրի նկատմամբ ներդրողների վստահության ամրապնդմանը։
Կողմերը ընդգծել են երկխոսության կարևորությունը և հայտնել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի քննարկումը շարունակելու պատրաստակամությունը։
Երկար տարիներ Credit Agricole Group-ը բաժնեմաս է ունեցել հայկական ACBA Credit Agricole Bank-ում։ 2019 թվականին խումբը հրաժարվել է ACBA Bank-ում իր բաժնեմասից, որտեղ տիրապետում էր կապիտալի 15.56%-ին։ Սակայն խմբի անդամ Sacam International-ը մնացել է ACBA Bank-ի բաժնետերերի շարքում՝ 5% բաժնեմասով։
«Կրեդիտ Ագրիկոլ» կորպորատիվ և ներդրումային բանկը (Credit Agricole CIB) ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ Գրուպ» ֆինանսական կոնգլոմերատի մասնագիտացված ստորաբաժանում է, որը կենտրոնացած է կորպորատիվ հաճախորդների, ֆինանսական հաստատությունների և կապիտալի շուկաների վրա: Բանկը ներկայացված է 33 երկրներում՝ մատուցելով կառուցվածքային և սինդիկացված ֆինանսներ, ներդրումային բանկային ծառայություններ և ռիսկերի կառավարման ծառայություններ: