Երկուշաբթի, 9 Փետրվարի 2026 12:41
Ալեքսանդր Ավանեսով

Համաշխարհային բանկը Հայաստանին 96,4 մլն եվրո կտրամադրի  "Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների զարգացում" ծրագրի իրականացման համար

Համաշխարհային բանկը Հայաստանին 96,4 մլն եվրո կտրամադրի  "Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների զարգացում" ծրագրի իրականացման համար

Արմինֆո.Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (ՎԶՄԲ, Համաշխարհային բանկի խումբ) Հայաստանին 96,4 մլն եվրո կտրամադրի "Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների զարգացում" ծրագրի իրականացման համար: ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը փետրվարի 9-ի նիստում դրական եզրակացություն է տվել բանկի հետ վավերացման ներկայացված համաձայնագրի վերաբերյալ:

 

Իր ելույթում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ փաստաթուղթը ստորագրվել է 2025 թվականի հուլիսի 22-ին: Ըստ էության, ինչպես նշել է Պապոյանը, խոսքը TRIPP կոչվող նախկին ծրագրի շարունակության մասին է, որը, ճիշտ է, ոչ մի կապ չունի ԱՄՆ-ի եւ Հայաստանի նախաձեռնած տրանսպորտային միջանցքի հետ։ Նոր ծրագրի շուրջ բանակցությունները սկսվել էին դեռևս 2024 թվականին, երբ հայ-ամերիկյան նախագծի մասին ոչինչ հայտնի չէր։ Գործնականում, ինչպես շարունակել է նախարարը, Գյումրիի, Գորիսի, Դիլիջանի, Ջերմուկի եւ Գառնիի այսօրվա արտաքին տեսքը հնարավոր է դարձել բացառապես այդ ծրագրի շնորհիվ: Այդ ծրագրի իրականացման համար ծախսվել է շուրջ 40 մլն դոլար։

 

Հաշվի առնելով ծրագրի հաջողությունը՝ ՀԲ-ը և ՀՀ կառավարությունը պայմանավորվածություն են ձեռք բերել այն շարունակելու վերաբերյալ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 120,5 մլն եվրո, որից 96,4 մլն ՎԶՄԲ- ի վարկային միջոցներ են: Կառավարության կողմից համաֆինանսավորումը կկազմի 24,1 մլն եվրո։ Ծրագրի ավարտի ժամկետը սահմանվել է 2030թ. օգոստոսի 31-ը, վարկի օգտագործման ժամկետը՝ մինչև 2030թ. դեկտեմբերի 31-ը: Ծրագրի իրականացումը վստահվելու է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին, որը պատասխանատու է լինելու մրցույթների անցկացման, պայմանագրերի կնքման, աշխատանքների որակի վերահսկման համար: Այսօրվա փոխարժեքով, ինչպես նշել է նախարարը, վարկի տոկոսադրույքը կկազմի մոտավորապես 3%:

 

Ծրագրի նպատակն է ավելացնել ՀՀ զբոսաշրջային ներուժը երկրի մի շարք մարզերի ենթակառուցվածքներում "փափուկ" ներդրումների միջոցով: Մասնավորապես, ծրագիրը խթանում է ընտրված առնվազն 7 զբոսաշրջային կլաստերների աճը, նպաստելով գինու, առողջարանային, արկածային, մշակութաճանաչողական և էկոտուրիզմի զարգացմանը Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում: Ծրագրի մեկնարկի նախապայմանը Ծրագրի կառավարման կոմիտեի ստեղծումն է, որը կղեկավարի ոլորտը համակարգող փոխվարչապետը: Ծրագրով, մասնավորապես, նախատեսվում է ամբողջությամբ ավարտել Գորիսի արդիականացումը, որը կդառնա զբոսաշրջության զարգացման տեսանկյունից գրավիչ տարածաշրջան: Ավարտին կհասցվի նաև Գյումրիի, Ջերմուկի, հանրապետության այլ մարզերում փողոցների, զբոսայգիների, պուրակների շինարարությունը: