Երկուշաբթի, 9 Փետրվարի 2026 14:28
Ալեքսանդր Ավանեսով

Պապոյան․ ԱՄՆ-ը Հայաստանում ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրումներ է իրականացնում 

Պապոյան․ ԱՄՆ-ը Հայաստանում ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրումներ է իրականացնում 

Արմինֆո.Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանում ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրումներ է իրականացնում: Այդ մասին փետրվարի 9-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը:

 

Նրա խոսքով՝ ամերիկյան Contour Global Hydro Cascade ընկերությունը 120 մլն դոլար կներդնի Որոտանի ՀԷԿ-երի կասկադի արդիականացման համար, եւս 200 մլն դոլար ներդրում է սպասվում TRIPP նախագծի շրջանակներում, ավելի քան 500 մլն դոլար կներդրվի "Ամուլսար" հանքավայրի շահագործման համար: "Դրան գումարեք ատոմային էներգետիկան և դուք կստանաք ավելի քան 1 մլրդ դոլարը գերազանցող էական թիվ, ինչն աննախադեպ երևույթ է Հայաստանի պատմության մեջ", - ասել է Պապոյանը՝ նշելով ամերիկյան նոր ներդրումների ներգրավման հնարավորությունները: Չի բացառվում, որ նոր նախագծերի մասին կհայտարարվի ԱՄՆ փոխնախագահ Ջի Դի Վենսի Հայաստան այցի արդյունքում:

 

Պապոյանը նաև նշել է, որ այցի շրջանակներում քննարկվելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի հետ առևտուր անող երկրների արտադրանքի համար սահմանված նոր մաքսատուրքերի հարցը: Անցյալ տարի, ինչպես ընդգծել Է նախարարը, Հայաստանն ԱՄՆ է արտահանել 50 մլն դոլարի ապրանք։ Նոր մաքսատուրքերի կիրառումը կարող է հանգեցնել ապրանքների արժեքի աճի և մրցունակության նվազման։ "Սակայն մենք դեռևս որևէ ծանուցում չենք ստացել մեր ամերիկացի գործընկերներից։ Բայց, տեսնենք, քննարկումներ կվարենք, կարող եմ միայն հավաստիացնել, որ այցի օրակարգում շատ ավելի հետաքրքիր և կարևոր հարցեր կան", - նշել է էկոնոմիկայի նախարարը։

 

Պատասխանելով Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկ կառուցելու իրավունքը ամերիկյան կողմին փոխանցելու հնարավորության մասին հարցին՝ Պապոյանը նշել է, որ իր տվյալներով ՝ այդ հարցի շուրջ քննարկումներ են ընթանում մի քանի երկրների, այդ թվում ՝ ԱՄՆ-ի հետ ։ "Ամեն դեպքում, Հայաստանն ընտրելու է այն տարբերակը, որն առավելագույնս համապատասխանում է իր ազգային շահերին", - վստահեցրել է Գևորգ Պապոյանը:

 

Հիշեցնենք, որ Հայաստանը նախատեսում է մինչև 2035-2036թթ. նոր ԱԷԿ կառուցել փոքր մոդուլային ռեակտորների (ՓՄՌ) տեխնոլոգիայի կիրառմամբ ՝ դրանք դիտարկելով որպես անվտանգ այլընտրանք (լոկալ նշանակության վթարներ): Մեծամորի գործող ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2036 թվականը: Կառավարությունն ուսումնասիրում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի և Հարավային Կորեայի առաջարկները։