
Արմինֆո. Հայաստանը հերթական փոփոխությունն է կատարում «Հայաստան–Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի ֆինանսավորման մասին համաձայնագրում: Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2020 թվականի ապրիլի 23-ի թիվ CAM 1002 06 D համաձայնագրի թիվ 3 լրացումը ստորագրելու վերաբերյալ առաջարկոությունը կառավարության հավանության է արժանացել փետրվարի 12-ին ՀՀ կառավարության նիստում:
Ինչպես ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, ծրագրի իրականացման ընթացքում արձանագրվել են մի շարք օբյեկտիվ գործոններ, որոնք էականորեն ազդել են նախատեսված գործողությունների իրականացման ժամանակացույցի վրա։ Ծրագրի գործնական իրականացումը փաստացի մեկնարկել է նախատեսված ժամկետներից ուշ, ինչի հետևանքով կրճատվել է Ծրագրի արդյունավետ իրականացման համար հասանելի ժամանակահատվածը։ Ծրագրի Օպերատորի կողմից միջազգային կարճաժամկետ փորձագետների հավաքագրման, պայմանագրավորման և մոբիլիզացիայի գործընթացները պահանջել են ավելի երկար ժամանակ, քան սկզբնապես նախատեսված էր, ինչը հետաձգել է մի շարք առանցքային վերլուծական և մեթոդաբանական աշխատանքների իրականացումը։
Բացի այդ, ջրային ոլորտում ևս արձանագրվել են օբյեկտիվ խնդիրներ․ երկրորդ օպերատորի պայմանագրային գործընթացը տևել է նախատեսվածից երկար, իսկ թիրախային տարածքներում ոռոգման ջրի սահմանափակ հասանելիությունը խոչընդոտել է դաշտային գործողությունների իրականացմանը։
Վերոնշյալ գործոններն անմիջականորեն ազդել են Ծրագրի հիմնական բաղադրիչների վրա, այդ թվում․ ֆերմերների համագործակցության ձևավորման և զարգացման; կոոպերատիվների և ֆերմերային խմբերի աջակցման; ինչպես նաև Ծրագրով նախատեսված ֆինանսական գործիքների (Համաֆինանսավորման դրամաշնորհներ, Գրավային հիմնադրամ, Կոոպերատիվների զարգացման հիմնադրամ, Հողերի կոնսոլիդացիայի հիմնադրամ) գործարկման վրա։
«Ծրագրի հաջող իրականացման առանցքային նախապայմաններից առանձնակի կարևոր է Վեդիի ջրամբարի կառուցումը, որի միջոցով ՀՀ Արարատի մարզի թիրախային տարածքներում կապահովվի ոռոգման ներտնտեսային ցանցի ճնշմամբ ջրամատակարարումը։
Վեդիի ջրամբարի շինարարական աշխատանքների ձգձգումը և համապատասխան ենթակառուցվածքների ոչ լիարժեք գործարկումն էական խոչընդոտ են հանդիսացել ժամանակակից ոռոգման համակարգերի ներդրման, ցուցադրական տարածքների ստեղծման և ֆերմերների ներդրումային ակտիվության խթանման համար։
Վերոնշյալ պայմաններում ֆինանսավորման համաձայնագրի 3-րդ փոփոխությամբ առաջարկվող կարգավորումները, որով նախատեսվում է Ծրագրի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև 2027 թվականի դեկտեմբերի 19-ը, իսկ մասհանումների վերջնաժամկետը՝ մինչև 2028 թվականի մարտի 31-ը, նպատակ ունեն ապահովելու Ծրագրի լիարժեք իրականացումը՝ հաշվի առնելով առկա օբյեկտիվ սահմանափակումները և իրականացման ընթացքում ձևավորված նոր իրողությունները», - ասվում է հիմնավորման մեջ։
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն արդեն հաղորդել էր, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունը (ԶՖԳ) ԵՄ հետ համատեղ "Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում " ծրագրի շրջանակներում Հայաստանին կտրամադրի 10 մլն եվրոյի դրամաշնորհ: Ծրագիրը նախատեսված էր երեք տարվա համար (2018-2020թթ.): Ֆինանսավորումն ուղղվելու է կաթիլային ոռոգման համակարգի ներդրմանը, ինտենսիվ այգիների հիմնմանը, պտղատու մշակաբույսերի վերամշակմանը, երկրորդային ոռոգման ջրանցքների տեղադրմանը և հողերի համախմբմանը: "Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում" ծրագրի նպատակն է տեխնիկական աջակցության և ներդրումների միջոցով աջակցել ժամանակակից ոռոգման զարգացմանը. վերացնել ջրամբարներ մուտք գործելու, ոռոգման ենթակառուցվածքների զարգացման, հողերի համախմբման, խորհրդատվական ծառայությունների և վարկերի հետ կապված խոչընդոտները: Ծրագիրը բաղկացած է տեխնիկական աջակցության բաղադրիչից (4,4 մլն եվրո) և ներդրումային դրամաշնորհի բաղադրիչից (5,6 մլն եվրո):
Ծրագիրն իրականացվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարության (գյուղատնտեսության հատված ՝ 8,5 մլն եվրո) և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ոռոգման հատված ՝ 1,5 մլն եվրո) կողմից և բաղկացած է 3 հիմնական բաղադրիչներից, որոնք, իրենց հերթին, ունեն իրենց ենթաբաղադրիչները ՝ ինստիտուցիոնալ աջակցություն ոռոգվող հողագործությամբ զբաղվող ազգային և տեղական շահառուներին, ոռոգվող գյուղմթերքի բարելավում, ծրագրի հաղորդակցության և կառավարման ծախս:
Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է 2 հազար հա տարածքի ոռոգման ենթակառուցվածքների արդիականացում, առնվազն 20 արտադրական կոոպերատիվների և ֆերմերային խմբերի ստեղծում: Կիրականացվեն նաև հողամասերի համախմբման 10 միջոցառումներ:
Նշված ծրագիրը փոխկապակցված է մեկ այլ ծրագրի հետ, որը նույնպես ֆինանսավորվում է ԶՖԳ կողմից՝ Վեդիի ջրամբարի կառուցման ծրագրի հետ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է խոշորացնել Արարատի մարզում կառուցվող Վեդու ջրամբարի հարևանությամբ գտնվող մի շարք համայնքներ, որտեղ նախատեսվում է ներդնել կաթիլային ոռոգման համակարգ: Ջրամբարի կառուցումը պետք է ապահովի Արարատյան դաշտի 7500 հա հողերի հուսալի ոռոգումը ։ Ակնկալվում է, որ երկու ծրագրերի իրականացման արդյունքում կհաջողվի լուծել տարածաշրջանի գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգման հարցը:
Նշենք, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունը (ԶՖԳ) հիմնադրվել է 1998 թվականին և հանդիսանում է Ֆրանսիայի Հանրապետության ֆինանսական մեխանիզմի երկկողմ զարգացման օպերատորը: Գտնվելով Ֆրանսիայի արտաքին գործերի, Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների, Անդրծովյան տարածքների և ներքին գործերի նախարարության ենթակայության տակ ՝ գործակալությունը հանդիսանում է առևտրաարդյունաբերական պետական հաստատություն, ինչպես զարգացած երկրներում, այնպես էլ Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում պայքարում է աղքատության դեմ և նպաստում տնտեսական աճին:
2025 թվականի դեկտեմբերի 18-ին Զարգացման ֆրանսիական գործակալությունը բացել է իր նոր գրասենյակը «Երևան Պլազա» հյուրանոցում: 2013 թվականից Հայաստանում գործող ԶՖԳ խումբը ֆինանսավորում է նախագծեր, որոնք նպաստում են կլիմայի փոփոխության դեմ պայքարին և աշխատում են արդար և ներառական անցումների ուղղությամբ: Գործակալությունը աջակցում է բնական ռեսուրսների կայուն կառավարմանը և պահպանմանը, էներգետիկ անցմանը, պետական ֆինանսների կառավարմանը և քաղաքային ծառայություններին: 2013 թվականից ԶՖԳ-ը Հայաստանին տրամադրել է 555 մլն եվրո վարկ և շուրջ 30 մլն եվրո օգնություն, որից 23,5 մլն տրամադրվել է Եվրոպական միության կողմից: