
Արմինֆո. Հայաստանում վարելահողերի շուրջ 50% - ը չի մշակվում, ինչի արդյունքում դրանց զգալի մասը անապատացման իրական վտանգի տակ է: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Տիգրան Դումիկյանը:
Մինչդեռ, ինչպես նշում է վերլուծաբանը, կառավարության ծրագրերը պարունակում են լայնածավալ, հավակնոտ, բայց առայժմ չկատարված խոստումներ՝ գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ:
"Պարենային անվտանգության լուրջ խնդիրներ ունեցող երկրի համար առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է լինի գյուղատնտեսական հողերի արդյունավետ օգտագործումը և ոլորտի համակարգված զարգացումը: Սակայն, վերջին ութ տարիների պաշտոնական վիճակագրությունը և ոլորտի տխուր պատկերը հակառակն են ցույց տալիս: Ավելին, Հայաստանի վարելահողերի ավելի քան 70 տոկոսը ոռոգման խնդիր ունի։ Նույնիսկ, տնամերձ հողամասերի և բանջարանոցների գրեթե կեսը ոռոգման ջուր չունի։ Եվ սա, չնայած նրան, որ հանրապետությունում տարեկան միջին հաշվով կուտակվում է մոտ 7 միլիարդ խորանարդ մետր ջուր, որից օգտագործվում է միայն մոտ 2 միլիարդը", - ընդգծել է Տիգրան Դումիկյանը։