
Արմինֆո. Վերջին 8 տարիներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց ի վեր, պետական պարտքի սպասարկման ծախսերն աճել են 2,5 տոկոսով: Մինչդեռ, այդ գումարով կարելի էր նվազագույն կենսաթոշակը ներկայիս 36 հազար դրամից ավելացնել, մոտավորապես, մինչեւ 60 հազար դրամ։ Նման հայտարարությամբ հանդես է եկել "Ապրելու երկիր" կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Էկոնոմիայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում՝ նշելով, որ «Հայաստանի եկամուտների մեջ մեր պարտքի ծավալը նվազել է»։
Այո, պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը նվազել է, սակայն շատ ավելի կարևոր է պարտքի սպասարկման և բյուջեի եկամուտների հարաբերակցությունը, այսինքն՝ մեր եկամուտներից քանի տոկոսն ենք հատկացնում պետական պարտքի սպասարկմանը։
Եվ այսպես, 2017թ․ պետական պարտքի տոկոսավճարներին հատկացվել է բյուջեի 8,1%-ը, իսկ ահա 2025թ․ պետական պարտքի սպասարկման համար ստիպված ենք եղել հատկացնել բյուջեի եկամուտների 10,6%-ը։
Այսպիսով, մեր ծախսերի 2,5%-ը լրացուցիչ հատկացնում ենք պետական պարտքի սպասարկմանը՝ սահմանափակելով այլ ծախսեր կատարելու հնարավորությունը։ Օրինակ, նշված 2,5%-ը կազմում է առողջապահության ամբողջ ծախսերի կեսը, կամ այդ գումարով կարելի է նվազագույն թոշակը դարձնել մոտ 60 000 դրամ։
Պատկերավոր ասած, ընտանիքը հիմա իր եկամուտներից ավելի շատ մասնաբաժին է հատկացնում վարկերի մարմանը, քան՝ կենսապահովման ծախսերին։
Իսկ այս ամենի պատճառը պարզ է՝ վերջին 8 տարիների ընթացքում Հայաստանի պետական պարտքի միջին տոկոսը բարձրացել է 2,3%-ով», - գրել է Առաքելյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Հիշեցնենք, որ 2026 թվականի սկզբին նվազագույն կենսաթոշակը կազմում է շուրջ 36 000 դրամ, իսկ միջինը՝ մոտ 49 000 դրամ: Մինչդեռ, 2025 թվականի երրորդ եռամսյակի դրությամբ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը մեկ անձի համար կազմել է 81 681 դրամ, իսկ պարենային զամբյուղի չափը՝ 44 152 դրամ։
Նշենք նաև, որ 2025 թվականի վերջին պետական պարտքը (նախկինում գործող տերմինաբանությանը համապատասխան) կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար։ Դրամային համարժեքով պետական պարտքն անցած տարվա ընթացքում 5 տրլն 092.7 մլրդ-ից հասել է 5 տրլն 541,7 մլն դրամի: Ընդ որում, 2017 թվականի դեկտեմբերի վերջին Հայաստանի ընդհանուր պետական պարտքը կազմել է 6,774 մլրդ դոլար, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարության ձևավորման պահին՝ 2018 թվականի ապրիլի վերջին, այդ ցուցանիշը եղել է 6 867 մլրդ դոլարի նշագծում։ Այսպիսով, 28-ամյա պատմության ընթացքում (Հայաստանի անկախացումից ի վեր) ՀՀ-ն ներգրավել է մոտ 6,8 մլրդ դոլարի փոխառություններ, իսկ 2018 թվից մինչև 2025 թվականի վերջն իշխանությունները կարողացել են ավելացնել պետական պարտքը մոտ 7 մլրդ 757 մլն դոլարով։
"ՀՀ 2026թ. պետական բյուջեի մասին" օրենքի համաձայն, ընթացիկ տարվա արդյունքներով կառավարության պարտքը կկազմի 15, 152.8 մլրդ դոլար (6 տրլն 310,3 մլրդ դրամ) և ՀՆԱ-ի 52,9%-ը։ Կառավարության պարտքի մարման և սպասարկման համար կպահանջվի 1,05 տրլն դրամ (միայն 420 մլրդ դրամ՝ պարտքի գծով տոկոսների վճարման համար):